ՀՊՏՀ-ականները՝ համաքաղաքային շաբաթօրյակի ակտիվ մասնակից

Դիտումների քանակ՝ 1412

Մայրաքաղաքը բարեկարգելու ու մաքրելու Երևանի քաղաքապետի կոչին այսօր արձագանքեց  նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Վաղ առավոտից համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, դեկանները, տնտեսական մասի աշխատակիցները, դասախոսները, ուսանողները համախմբվեցին համալսարանի բակում և, ստանալով հանձարարություններ, ըստ նախատեսված տարածքի առանձին հատվածների, անցան գործի: ՀՊՏՀ-ականները սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ կատարեցին Շախմատի տան և Մ. Նալբանդյանի արձանի հարակից պուրակի տարածքում: Շաբաթօրյակի մասնակիցներին բաժանվեցին աղբահավաքության պարկեր, ձեռնոցներ, փոցխեր ու բահեր:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ համաքաղաքային շաբաթօրյակը սոսկ մաքրման ու բարեկարգման աշխատանք չէ, այն նաև դաստիարակչական մեծ նշանակություն ունի: «Երիտասարդ սերունդը, մասնակցելով նման միջոցառումներին, ավելի սրտացավ և ուշադիր է դառնում հարազատ քաղաքի հանդեպ, իր մեջ ձևավորում է հասարակական ակտիվություն և  հանրային կյանքին մասնակցության ձգտում»:

Զեյթունում գտնվող ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները շաբաթօրյակին մասնակցեցին իրենց մասնաշենքում և հարակից տարածքում:

Այսօրվա շաբաթօրյակը՝ փողոցներում, բակային տարածքներում, այգիներում և պուրակներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում իրականացվող աշխատանքը, մի նոր փայլ ու գեղեցկություն հաղորդեց գարնանային Երևանին, հավաստեց մեր սրտացավությունն ու սերը և հիշեցրեց, որ պետք է մեր շրջապատը խնամենք ու մաքուր պահենք ամեն օր ու ամեն ժամ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին