ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը լավագույններից է

Դիտումների քանակ՝ 1230

Օրերս, մարտի 9-ին,  Ամերիկյան համալսարանում կայացած  ՈՒՀԱ ուսանողական լիգայի ½  եզրափակչում   ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը  մրցույթի հանրագումարային արդյունքով զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջին տեղը զբաղեցրած «Տղամարդիկ» թիմին զիջելով ընդամենը 0.3 միավորով: Նշենք, որ լիգային մասնակցում էին հայաստանյան 6 պետական բուհեր՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Տղամարդիկ»,  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի  «ԵրՊԻ»,  Երևանի պետական բժշկական համալսարանի «Արմեդ», Հայ-ռուսական (Սլավոնական)  համալսարանի  «Двойное гражданство», Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Матриархат» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  «Нар-Хоз» թիմերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Нар-Хоз»  թիմի տղաները նշեցին, որ ելույթների ժամանակ  բեմից  նկատում էին  հանդիսատեսի ոգևորվածությունը, ինչն էլ ավելի էր քաջալերում իրենց: Ասում են՝ դրանից եզրակացնում են, որ  «Нар-Хоз»-ի  հումորը իսկապես դուր է գալիս  հանդիսատեսին:

«Հումորը պետք է սուր, ժամանակակից լինի, ստիպի հանդիսատեսին լիաթոք ծիծաղել: Կատարողականը նույնպես շատ կարևոր է. պետք է ամբողջությամբ դերի մեջ մտնել, այսպես ասած, ապրել դերը»,- կարևորեց թիմի տղաներից մեկը՝  ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը:

Ըստ թիմի անդամների՝ սցենարը, գաղափարները ծնվում են միանգամից, սակայն  տղաները  շատ են կարևորում  այդ գաղափարները ելույթների տեսքով ճիշտ արտահայտելը: Նշում են, որ դրա համար  շատ ժամանակ, պարբերաբար փորձեր, ջանքեր  են պետք:

«Երբ հավաքվում ենք մեկ սեղանի շուրջ, շատ հեշտ ենք կողմնորոշվում: Մեկը  առաջարկում է մի բան, մյուսներս հավանություն ենք տալիս և սկսում իրագործել գաղափարը: Երբ մարդը հումորի զգացողություն և ստեղծագործական հմտություններ է ունենում,  կարողանում է հեշտությամբ մարմնավորել ցանկացած դեր, կերպար, այնպես, որ ծիծաղելի լինի»,-մեզ հետ զրույցում ասաց  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ  կուրսի ուսանող Դավիթ Մինասյանը:

«Нар-Хоз»-ի  անդամները  աջակցության համար   հատուկ շնորհակալություն են հայտնում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին, ուսանողական խորհրդին,  ուսանողներ Արման Հարությունյանին, Աննա Սանասարյանին, ասպիրանտ Գագիկ Սիմոնյանին, ով թիմի գեղարվեստական ղեկավարն է:

Նշենք, որ «Нар-Хоз» թիմը բաղկացած է 9 հիմնական անդամներից՝ Դավիթ Մինասյան, Հայկ Գրիգորյան, Աշոտ Սեդրակյան, Մհեր Մակարյան, Նարեկ Փալիկյան, Մելիք Դավեյան, Էդգար Գրիգորյան, Հայկ Ասատրյան, Տիգրան Գասպարյան:

Ինչպես նշեցին թիմի անդամները՝ արդեն իսկ այսօրվանից  պատրաստվում են մայիսի սկզբին կայանալիք եզրափակիչ փուլին: Նրանք հաստատակամ են՝ անելու ամեն ինչ, որպեսզի փայլուն ելույթ ունենան, ՀՊՏՀ-ի անունը բարձր պահեն:

Շնորհավորում ենք մեր տղաներին, մաղթում  նորանոր գաղափարներ:

Լուսանկարները տրամադրել են թիմի անդամները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ  կապերի բաժին