«Կոնվերս բանկ» ՓԲԸ ներկայացուցիչը հանդիպեց ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1232

ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինար-դասընթացի 2-րդ մասը, որի ժամանակ ուսանողներն իրազեկվեցին աշխատանքային հարցազրույցի ներկայանալու առանձնահատկություններին: Դասընթացը վարեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ անձնակազմի համալրման բաժնի մասնագետ Դիանա Հովհաննիսյանը, ով լուսապատկերի միջոցով ներկայացրեց հարցազրույցի տեսակները, առանձնահատկությունները, հարցազրույցի ընթացքում գործատու-դիմող հնարավոր փոխհարաբերությունները:

Նշենք, որ սեմինար-դասընթացը կազմակերպվել էր հատկապես բարձր կուրսերում սովորողների և շրջանավարտների համար, ովքեր պատրաստվում են աշխատանք փնտրել: Մասնակիցների հավաստմամբ, սեմինարը հաղորդեց օգտակար գիտելիքներ:

«Մասնակցությունս բավականին արդյունավետ էր. ավարտական կուրսում եմ սովորում և շուտով աշխատանք եմ փնտրելու: Սա  շատ լավ հնարավորություն է ուսանողների համար՝ հմտություններ ձեռք բերելու  ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն գրելու (կազմելու) և հարցազրույցի ներկայանալու հմտություններին ծանոթանալու համար: Կցանկանայի կրկին մասնակցել նմանատիպ դասընթացների»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Մեսրոպյանը:

Սեմինար- դասընթացն անցավ աշխույժ մթնոլորտում. ուսանողները հարցեր էին ուղղում հյուրին և ստանում դրանց պատասխանները, երկուստեք քննարկում իրենց հետաքրքրող հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին