ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը լավագույններից է
Օրերս, մարտի 9-ին, Ամերիկյան համալսարանում կայացած ՈՒՀԱ ուսանողական լիգայի ½ եզրափակչում ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը մրցույթի հանրագումարային արդյունքով զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջին տեղը զբաղեցրած «Տղամարդիկ» թիմին զիջելով ընդամենը 0.3 միավորով: Նշենք, որ լիգային մասնակցում էին հայաստանյան 6 պետական բուհեր՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Տղամարդիկ», Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «ԵրՊԻ», Երևանի պետական բժշկական համալսարանի «Արմեդ», Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Двойное гражданство», Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Матриархат» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Нар-Хоз» թիմերը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում «Нар-Хоз» թիմի տղաները նշեցին, որ ելույթների ժամանակ բեմից նկատում էին հանդիսատեսի ոգևորվածությունը, ինչն էլ ավելի էր քաջալերում իրենց: Ասում են՝ դրանից եզրակացնում են, որ «Нар-Хоз»-ի հումորը իսկապես դուր է գալիս հանդիսատեսին:
«Հումորը պետք է սուր, ժամանակակից լինի, ստիպի հանդիսատեսին լիաթոք ծիծաղել: Կատարողականը նույնպես շատ կարևոր է. պետք է ամբողջությամբ դերի մեջ մտնել, այսպես ասած, ապրել դերը»,- կարևորեց թիմի տղաներից մեկը՝ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը:
Ըստ թիմի անդամների՝ սցենարը, գաղափարները ծնվում են միանգամից, սակայն տղաները շատ են կարևորում այդ գաղափարները ելույթների տեսքով ճիշտ արտահայտելը: Նշում են, որ դրա համար շատ ժամանակ, պարբերաբար փորձեր, ջանքեր են պետք:
«Երբ հավաքվում ենք մեկ սեղանի շուրջ, շատ հեշտ ենք կողմնորոշվում: Մեկը առաջարկում է մի բան, մյուսներս հավանություն ենք տալիս և սկսում իրագործել գաղափարը: Երբ մարդը հումորի զգացողություն և ստեղծագործական հմտություններ է ունենում, կարողանում է հեշտությամբ մարմնավորել ցանկացած դեր, կերպար, այնպես, որ ծիծաղելի լինի»,-մեզ հետ զրույցում ասաց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մինասյանը:
«Нар-Хоз»-ի անդամները աջակցության համար հատուկ շնորհակալություն են հայտնում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին, ուսանողական խորհրդին, ուսանողներ Արման Հարությունյանին, Աննա Սանասարյանին, ասպիրանտ Գագիկ Սիմոնյանին, ով թիմի գեղարվեստական ղեկավարն է:
Նշենք, որ «Нар-Хоз» թիմը բաղկացած է 9 հիմնական անդամներից՝ Դավիթ Մինասյան, Հայկ Գրիգորյան, Աշոտ Սեդրակյան, Մհեր Մակարյան, Նարեկ Փալիկյան, Մելիք Դավեյան, Էդգար Գրիգորյան, Հայկ Ասատրյան, Տիգրան Գասպարյան:
Ինչպես նշեցին թիմի անդամները՝ արդեն իսկ այսօրվանից պատրաստվում են մայիսի սկզբին կայանալիք եզրափակիչ փուլին: Նրանք հաստատակամ են՝ անելու ամեն ինչ, որպեսզի փայլուն ելույթ ունենան, ՀՊՏՀ-ի անունը բարձր պահեն:
Շնորհավորում ենք մեր տղաներին, մաղթում նորանոր գաղափարներ:
Լուսանկարները տրամադրել են թիմի անդամները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին