ՀՊՏՀ ուսանողները՝ մարտի 8-ին ընդառաջ. լուսանկարներ

Դիտումների քանակ՝ 1967

Վաղը՝   մարտի 8-ին, կմեկնարկի կանանց և աղջիկներին նվիրված միամսյակը: Այս առիթով  ՀՊՏՀ տարբեր  Ֆակուլտետներում այսօր գարնանային գեղեցիկ տրամադրություններ էին  տիրում, որոնք  մարտի 8-ին ընդառաջ ստեղծել էին ուսանողները՝  զարդարելով միջանցքներն ու լսարանները, իրականացնելով յուրօրինակ միջոցառումներ:

Վաղ առավոտյան, նախքան դասը սկսելը, կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող- տղաներն իրենց աղջիկներին, ինչպես նաև դասախոսուհուն,  լսարանում, երաժշտության ներքո  դիմավորեցին ծաղիկներով: Տղաները նաև խաղ էին կազմակերպել. ծաղիկների վրա գրել էին  աղջիկներին բնորոշ հատկանիշներ՝ անուշիկ, նուրբ, գեղեցիկ և այլն, ընդ որում, նույն բառերը գրված էին նաև ծաղիկների կողքին դրված թղթիկների վրա: Յուրաքանչյուր աղջիկ պետք է վերցներ մեկ հատ թղթիկ և կարդալով գրված բառը՝ վերցներ համապատասխան ծաղիկը (ծաղիկները տարբեր գույների էին): Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Ոսկերչյանն ասաց, որ կուրսի տղաներով փորձել են օրը տոնի վերածել՝  իրենց աղջիկներին անակնալ մատուցելով: Տղաները անակնկալը վերնագրել էին այսպես՝ «Մի ծաղիկ էլ դո'ւ ես»:

«Այս փոքրիկ նախաձեռնությամբ ուզում ենք ցույց տալ մեր աղջիկներին, որ նրանք միշտ մեր ուշադրության կենտրոնում են և կարևոր են մեզ համար: Օգտագործելով հարմար առիթը՝ ցանկանում եմ շնորհավորել աշխարհի վրա ապրող բոլոր՝ 3 մլրդ կանանց: Մաղթում եմ երջանկություն, առողջություն»,-նշեց Գրիգոր Ոսկերչյանը:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, բացի մասնաշենքը զարդարելուց, ֆակուլտետի  ուսխորհրդի ներկայացուցիչները իրականացրեցին  գեղեցիկ ակցիա. դասամիջոցներին բակում ուսանողներին բաժանեցին բազմագույն կոնֆետ-ծաղիկներ, որոնք ուսանողները պատրաստել էին իրենց  ձեռքերով:

Ինչպես նշեց  ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Անտոնյանը, ակցիան ունի յուրահատուկ խորհուրդ, այն է՝ սեփական ձեռքերով պատրաստած ծաղիկ- կոնֆետի մեջ դրած սերն  ու քաղցրությունը  փոխանցել  ուսանողուհիներին՝ շնորհավորելով նրանց տոնը: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը մարտի 8-ին ընդառաջ կազմակերպել էր ֆուտբոլային խաղ՝ աղջիկների միջև ընկերական հանդիպում: Խաղը տեղի ունեցավ նույն ֆակուլտետի երկու՝ «Smart» և «Jise»  թիմերի միջև:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանը, այս խաղը նպատակ ուներ ցույց տալու, որ աղջիկների  (կանանց) և տղամարդկանց իրավունքները հավասար են:

Մնացած ֆակուլտետների տարբեր կուրսերում ևս ուսանողները նշեցին տոնը՝ շնորհավորելով աղջիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակազմը ևս մարտի 8-ի առիթով շնորհավորում է ՀՊՏՀ բոլոր կանանց՝ թե աշխատակցուհիներին, թե ուսանողուհիներին, մաղթում երջանկություն և հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին