Կլոր սեղան-քննարկում ՀՊՏՀ-ում. ներառական տնտեսության հիմնախնդիրները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1670

«Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում այսօր ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով: Միջոցառմանը ներկա էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Լուկաս Լյուշերը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանը, ՀՊՏՀ պրոռեկտորները, ծրագրի կառավարման խմբի անդամները:

Ողջունելով Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի հետ մեր համալսարանում հերթական ծրագրի մեկնարկը՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց գրասենյակին՝ վստահության և համագործակցության համար:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Կառավարության ռազմավարությունը սահմանում է, որ մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման, պետական կառավարման համակարգի արդիականացման, աշխատատեղերի ստեղծման հարցերի հետ մեկտեղ անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթությունների համադրում՝ ապահովելու ներառական աճ և բարեկեցություն:

Անհրաժեշտ է նաև մշակել  հավասար հնարավորությունների ապահովման ոլորտային արդյունավետ քաղաքականություններ: Առաջնորդվելով  Կառավարությանն ու մյուս հիմնական շահակիցներին աջակցելու նպատակադրմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մշակել է կլոր սեղան-քննարկումների շարք՝ միտված Հայաստանում ներառական էկոնոմիկայի հրատապ հարցերի քննարկմանն ու  հասարակական բանավեճի խթանմանը»,- ասաց ռեկտորը՝ ավելացնելով, որ մեր համալսարանի նպատակներից է կիրառական հետազոտություններ իրականացնող և խորհրդատվություն մատուցող կառույց դառնալը, ինչը հանրապետությունում գործող հիմնական շահակիցների հետ պարբերաբար համագործակցելու հնարավորություն կընձեռի:  Ռեկտորի ելույթն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Rectori_uxerc-nerarakan.pdf:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանին  համագործակցության համար, հաջողություն մաղթեց հավաքի մասնակիցներին՝ իր ողջույնի խոսքում նշելով, որ այսօրվա կլոր սեղանի շրջանակներում արծարծվող թեման խիստ կարևոր է հատկապես այն պատճառով, որ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է տարածքային բարեփոխումներ: Նա հույս հայտնեց, որ այս քննարկումը կտա իր առաջին արդյունքը: Ծրագրի կառավարման խմբի անդամ Նվարդ Մանասյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր տրամաբանությունը և նշեց, որ տնտեսագիտական համալսարանի տեսական ու գործնական գիտելիքների և փորձի ներուժը բարենպաստ հարթակ են խնդրո առարկա բոլոր մոդուլները և հիմնահարցերը քննարկելու, փորձագիտական բանավեճեր խթանելու համար:

Թեմայի շուրջ որպես հիմնական զեկուցողներ հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը:

Վաչե Տերտերյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ տեղական ինքնակառավարման համակարգն ունի դինամիկ փոփոխությունների կարիք, և ՀՀ Կառավարությունը միշտ պատրաստ է լսել մասնագիտական նոր փաստարկներ ու առաջարկություններ՝ ավելացնելով, որ այդ համակարգերը պետք է դառնան համահունչ երկրում տիրող իրավիճակին: Այնուհետև Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց փորձագիտական թիմի կատարած մշակումները՝ համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակը, խոշորացման մոդուլները, կառավարման յուրահատկությունները: Փոխնախարարը նաև շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ նման քննարկում նախաձեռնելու համար՝ շեշտելով, որ կարևոր է տարածքային զարգացման հիմնախնդիրները հեղինակավոր գիտնականների շրջանակում քննարկելը:

Յուրի Սուվարյանը հանդես եկավ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում»՝ ներկայացնելով իր կողմից մշակված հայեցակարգը:

Ելույթներից հետո ծավալվեց աշխույժ քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին