Օգտակար տեղեկություններ՝ աշխատանք փնտրող ուսանողների համար. սեմինար-դասընթաց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1134

ՀՊՏՀ-ում այսօր կայացավ  կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-դասընթաց, որի ժամանակ կենտրոնի աշխատակիցները՝ գլխավոր մասնագետ Հերմինե Ղարագուլյանը և առաջատար մասնագետ Կարինե  Պողոսյանը, ուսանողներին ներկայացրեցին  ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու առանձնահատկությունները:

Կարինե Պողոսյանը լուսապատկերի միջոցով  թվարկեց և քննարկեց  այն քայլերը, որոնք պետք է նկատի ունենալ՝  ինքնակենսագրական  և մոտիվացիոն նամակ  գրելիս, նշեց դրանց բովանդակային տարբերությունները: Ինչպես ասաց կենտրոնի մասնագետը, կարևոր է գործատուին դիմելուց առաջ հաշվի առնել  նրա կողմից ներկայացված պահանջները՝ համապատասխան աշխատանքի համար, հայտարարության մեջ  գտնել այն բանալի բառերը, որոնք կարելի է դիտարկել ինքնակենսագրականում կամ մոտիվացիոն նամակում:

Ուսանողների հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ մեծ էր: Սեմինար- դասընթացը օգտակար տեղեկություններ տվեց հատկապես ավարտական կուրսի ուսանողներին, ովքեր պատրաստվում են աշխատանք փնտրել:

«Կարևոր է, որ ուսանողները կարողանան ինքնակենսագրականում  կամ մոտիվացիոն նամակում արտացոլել այն տեղեկությունը, որը հստակ պատկերացում կտա գործատուին. այսինքն՝ ուսանողները պետք է կարողանան ճիշտ ներկայանալ: Դասընթացի կազմակերպման հիմնական նպատակն է՝ օգնել մեր ուսանողներին աշխատանք գտնելու ճանապարհին պատշաճ ներկայանալ գործատուին»,- նշեց Հերմինե Ղարագուլյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 26-ին ևս, կկայանա սեմինար-դասընթաց, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև «ՊրոԿրեդիտ Բանկի» անձնակազմի  համալրման բաժնի ղեկավարի օգտակար խորհուրդները, ում հրավիրել է կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: Սեմինար-դասընթացին  կխոսվի հաջող հարցազրույցի ներկայանալու նախապայմանների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին