Օգտակար տեղեկություններ՝ աշխատանք փնտրող ուսանողների համար. սեմինար-դասընթաց ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ-ում այսօր կայացավ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-դասընթաց, որի ժամանակ կենտրոնի աշխատակիցները՝ գլխավոր մասնագետ Հերմինե Ղարագուլյանը և առաջատար մասնագետ Կարինե Պողոսյանը, ուսանողներին ներկայացրեցին ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ գրելու առանձնահատկությունները:
Կարինե Պողոսյանը լուսապատկերի միջոցով թվարկեց և քննարկեց այն քայլերը, որոնք պետք է նկատի ունենալ՝ ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ գրելիս, նշեց դրանց բովանդակային տարբերությունները: Ինչպես ասաց կենտրոնի մասնագետը, կարևոր է գործատուին դիմելուց առաջ հաշվի առնել նրա կողմից ներկայացված պահանջները՝ համապատասխան աշխատանքի համար, հայտարարության մեջ գտնել այն բանալի բառերը, որոնք կարելի է դիտարկել ինքնակենսագրականում կամ մոտիվացիոն նամակում:
Ուսանողների հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ մեծ էր: Սեմինար- դասընթացը օգտակար տեղեկություններ տվեց հատկապես ավարտական կուրսի ուսանողներին, ովքեր պատրաստվում են աշխատանք փնտրել:
«Կարևոր է, որ ուսանողները կարողանան ինքնակենսագրականում կամ մոտիվացիոն նամակում արտացոլել այն տեղեկությունը, որը հստակ պատկերացում կտա գործատուին. այսինքն՝ ուսանողները պետք է կարողանան ճիշտ ներկայանալ: Դասընթացի կազմակերպման հիմնական նպատակն է՝ օգնել մեր ուսանողներին աշխատանք գտնելու ճանապարհին պատշաճ ներկայանալ գործատուին»,- նշեց Հերմինե Ղարագուլյանը:
Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 26-ին ևս, կկայանա սեմինար-դասընթաց, որի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև «ՊրոԿրեդիտ Բանկի» անձնակազմի համալրման բաժնի ղեկավարի օգտակար խորհուրդները, ում հրավիրել է կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: Սեմինար-դասընթացին կխոսվի հաջող հարցազրույցի ներկայանալու նախապայմանների մասին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին