ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների շնորհանդեսներն ավարտվեցին

Դիտումների քանակ՝ 1094

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ վերջին գիտական սեմինարը` ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների շրջանակներում:

Սեմինարին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ՀՊՏՀ այլ աշխատակիցներ, ուսանողներ: Բացման խոսքում Խորեն Մխիթարյանը նշեց, որ այսօր դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների վերջին շնորհանդեսն է, ներկայացրեց  սեմինարի թեման և թեմայի ղեկավարին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանին:

Սեմինարը «Տնտեսական աճի որակը ՀՀ-ում» թեմայի շարունակությունն էր, որի մի մասը  ներկայացվել էր հոկտեմբերի 14-ին (ծանոթացեք հետևյալ հղումով`  http://www.asue.am/am/էջեր-220//մեր-երկրի-տնտեսական-աճի-որակը-հպտհ-ամբիոնային-հետազոտության-թեմա-1164՝): Ամբիոնային հետազոտության երկրորդ մասում առաջինը  ելույթ ունեցավ  տ.գ.թ.,  դոցենտ Թաթուլ Մկրտչյանը, ով խոսեց «ՀՀ տնտեսական աճի դինամիկան և առանձնահատկությունները» թեմայի մասին՝ մասնավորապես անդրադառնալով  «ՀՆԱ-ի արտադրությունը   1990-2007թթ.», «ՀՆԱ-ի կառուցվածքը  2000-2012թթ.», «ՀՆԱ-ի օգտագործման կառուցվածքը 2000-2005թթ.» հարցերին: Հաջորդիվ դոցենտը անդրադարձավ պետական ծախսերին`խոսելով «Պետական ծախսերի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ», «ՀՀ պետական ծախսերի վերաբերյալ ցուցանիշները», «Տնտեսական աճի  և պետական ծախսերի աճի տեմպերը ՀՀ-ում» և այլ թեմաների մասին, իսկ վերջում ներկայացրեց հետևություներ: Սեմինարը  շարունակեց տ.գ.թ., դոցենտ Արսեն Պետրոսյանը, ով անդրադարձավ աղքատության հաղթահարման հարցին`տնտեսական աճի որակի բարձրացման միջոցով, ներկայացրեց  տնտեսական աճի որակի բնութագրիչները, տնտեսական աճի և աղքատության հաղթահարման միջև փոխադարձ  կապը, տնտեսական աճի որակի մոդելը, աղքատության դեմ պայքարի հանձնարարականները: Սեմինարը եզրափակեց Հովսեփ Աղաջանյանը, ով նշեց, որ հետազոտություն իրականացնող խմբի անդամներից մեկը` ասպիրանտ Հայկ Մինասյանը բացակայում է հանրապետությունից, ուստի նա ելույթ կունենա դեկտեմբերի ամփոփ սեմինարում: Ամփոփելով թեման՝ Հովսեփ Աղաջանյանը նշեց , որ իրենց խումբը փորձ է կատարել գնահատումներ անել և հանգել է տնտեսական աճի որակի համաթվի գաղափարին:

Համաթիվը կազմված է լինելու 16 բաղադրատարրերից`ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռք բերման մակարդակ, գիտակրթական գործունեության մակարդակ, տնտեսական անվտանգության իրավիճակ, բնապահպանության մակարդակ, առողջապահության մակարդակ և այլն: Հ. Աղաջանյանը նշեց նաև, որ հետազոտության վերջնարդյունքին հասնելու համար իրենք կարևորում են սոցիալական հարցումներ իրականացնելու մեթոդը:

Վերջում գիտության բաժնի պետը հավելեց, որ այս հետազոտությունների շրջանակներում կհանդիպեն հունվարին, երբ կներկայացվեն վերջնական հետազոտության արդյունքները: Այսքանով, փաստորեն ավարտվեցին ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների շնորհանդեսները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին