Ուսանողները պետք է զգան, որ արդարություն կա. ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստում

Դիտումների քանակ՝ 877

Տնտեսագիտական համալսարանը պատրաստ է անցկացնել 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումը. նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, քննագրաֆիկներն էլ պատրաստ են: Այսօր կայացած ռեկտորատի հերթական նիստում այս մասին ասաց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ զեկուցելով միջանկյալ ստուգման նախապատրաստական աշխատանքների մասին:

Ուսումնակազմակերպական  բաժնի պետ Արմեն Կարախանյանը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարարի թույլտվությամբ կազմակերպված ակադեմիական պարտքերի մարման լրացուցիչ փուլի արդյունքները՝ նշելով, որ նախարարի թույլտվության արդյունքում մեր բուհում կազմակերպված լրացուցիչ քննությանը մասնակցել է նման խնդիր ունեցող 42 ուսանողից 41-ը, մեկը չի ներկայացել քննությանը: Իսկ մասնակից 41 ուսանողներից դրական գնահատական չի ստացել միայն մեկը: Առկա մագիստրատուրայում դասահաճախումների և ուսման վարձերի գանձման մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Օրակարգային հարցերը սպառելուց հետո ռեկտորատն անդրադարձավ մի քանի ընթացիկ հարցերի: Մասնավորապես, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի փոխդեկան Արսեն Պետրոսյանը Քոթանյանի անվան կրթաթոշակի համար ներկայացրեց իրենց ֆակուլտետի թեկնածուին: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով է ֆակուլտետն ընտրել տվյալ ուսանողին, արդյո՞ք մյուս բոլոր ուսանողները ևս տեղյակ են, որ նման կրթաթոշակ կա, ապա հորդորեց բոլոր, մասնավորապես կրթաթոշակների ներկայացման գործընթացները թափանցիկ անցկացնել, որպեսզի այն հասկանալի լինի բոլոր ուսանողների համար: «Այստեղ կարևոր է, որ բոլոր ուսանողներն իմանան տվյալ գործընթացների մասին, ուսանողները պետք է զգան, որ արդարություն կա, հասկանան՝ ինչպես է գործընթացն իրականացվում»,- հայտարարեց համալսարանի ղեկավարը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն անդրադարձավ վաղը մեկնարկող  ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին՝ նշելով, որ գիտաժողովին ներկայացվել է 120 հոդված պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, ինչպես նաև հոդվածներով ներկայացել են ասպիրանտները, ինչը, Գագիկ Վարդանյանի գնահատմամբ,  վատ արդյունք չէ: Նա հորդորեց ակտիվ լինել գիտաժողովի բաժանմունքների աշխատանքներին մասնակցելիս:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ռեկտորատին հայտնեց, որ մեր համալսարանը շահել է Տեմպուսի ևս 4 ծրագիր, որոնցում ընդգրկվել է որպես մասնակից: «Սա հայաստանյան բուհերի համար աննախադեպ ցուցանիշ է»,- ընդգծեց պրոռեկտորը:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին