Զարգացման գործընկերությանը նվիրված սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1168

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր  հյուրընկալվել էին «Ջայկա»-ի (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն)Վրաստանի և «Ճապոնիայի  շրջանավարտների հայկական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները` անցկացնելու JICA–ի  «Զարգացման գործընկերության խթանում»  ռազմավարությունը և դրա իրականացումը Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային սեմինարը: Կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էր ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով այդ կազմակերպության իրականացրած ծրագրի շրջանակներում մասնակցել է Ճապոնիայում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:

«Զարգացման գործընկերության խթանում»  ռազմավարության միջոցով JICA- ն ձգտում է լինել լավ գործընկեր զարգացող երկրների համար, (ինչպիսիք են Վրաստանն ու Հայաստանը)` ճշգրիտ ըմբռնելով նրանց փոփոխվող կարիքները, ուշադրությունը կենտրոնացնելով նրանց ուժերի և արդյունքների վրա: JICA-ն ձգտում է նաև աջակցելու հանրային և մասնավոր հատվածների գործընկերությանը`միավորելով փորձառությունը, տեխնոլոգիաները, տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսները, համալսարանները, ոչ կառավարական կազմակերպությունները և մյուս շահառուներին:

Որպես աշխարհի խոշոր դոնոր կազմակերպություններից մեկը, որն ունի ավելի քան 40 տարվա փորձ, ավելի ու ավելի է ամրապնդում  իր գործընկերությունը միջազգային կազմակերպությունների և այլ դոնոր հաստատությունների հետ, ինչը կհանգեցնի համաշխարհային համայնքում զարգացման շրջանակի ընդլայնմանը:

«Այս սեմինարի հիմնական նպատակն է ծանոթանալ Վրաստանի շրջանավարտների միության անդամներին (քանի որ կազմը փոխվել է), երկուստեք ծանոթանալ Հայաստանում և Վրաստանում JICA ծրագրի իրականացման ռազմավարությանը: Տարեկան ունենում ենք 3 հանդիպում (տարբեր երկրներում): Մեր հ/կ-ն ստեղծվել է 1998թ.-ին, աջակցում  է հայ շրջանավարտների վերապատրաստմանը Ճապոնիայում` ծրագրի շրջանակներում»,-ասաց «Ճապոնիայի շրջանավարտների հայկական միություն» հ/կ-ի տնօրեն Լևոն Մովսեսյանը:

 ՀՊՏՀ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորեց միջազգային սեմինարի անցկացումը մեր բուհում, քանի որ, նրա խոսքով, ՀՊՏՀ-ն  ունի JICA –ի հետ համագործակցելու լայն հեռանկարներ:






ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին