Մրցունակության ու նորարարության հիմնախնդիրները. թեման ՀՊՏՀ հետազոտողների տեսադաշտում

Դիտումների քանակ՝ 1090

ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների շնորհանդեսի անցկացման շրջանակներում այսօր  նիստերի սրահում տեղի ունեցավ  գիտական սեմինար` «ՀՀ տնտեսության մրցունակության ու նորարարության հիմնախնդիրները և դրանց ազդեցության գնահատումը տնտեսական աճի վրա» թեմայով:

Սեմինարին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, ուսանողներ, ինչպես նաև ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության և ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի բիզնեսի և կառավարչական ռազմավարությունների ամբիոնի դոցենտ էմիլ Մարտիրոսյանը, ով ՀՊՏՀ-ում էր ուսխորհրդի հրավերով:

Ամբիոնային հետազոտությունը ներկայացրեց  թեմայի ղեկավար  դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Վերհանվեցին  ՀՀ տնտեսության մրցունակության ու նորարարական հիմնախնդիրները և գնահատվեց դրանց ազդեցությունը տնտեսական աճի վրա:

Մասնավորապես, խոսվեց Հայաստանի նորարարական (ինովացիոն) ցուցանիշների արդի միտումների մասին, լուսապատկերների միջոցով ցույց տրվեց դրանց ազդեցությունը տնտեսության վրա, որպես հետազոտության արգասիք`  գնահատման արդյունքները տրվեցին բանաձևերի միջոցով:

Կարևորելով նորարարական ոլորտը` սեմինարի ղեկավարը  նշեց, որ գիտելիքահենք տնտեսության հիմնական բաղադրիչները չորսն  են`գիտություն, տեխնոլոգիա, կրթություն, հետազոտություն:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աշոտ Թավադյանն ասաց, որ իրենց հետազոտության արդյունքում հասել են մի քանի կարևոր արդյունքների:  «Հիմնականում հետազոտել ենք նոր ցուցանիշների ազդեցությունը տնտեսական աճի վրա և կարևոր արդյունքներից մեկն այն է, որ չնայած նորարարական սեկտորը իր ազդեցությունը ՀՆԱ-ի վրա ունենում է 3 անգամ ավելի ուշ, քան ավանդական (հիմնական) կապիտալը, այնուամենայնիվ, նորարարականի ազդեցությունը ավանդական կապիտալի ազդեցությունից 5 անգամ բարձր է», - ընդգծեց պրոֆեսորը:

Սեմինարի ավարտին Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` մասնակցության համար և ևս մեկ անգամ կարևորեց ուսանողների ներգրավումը հետազոտական աշխատանքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին