Մարիա Յոհանը Հայաստանից հեռանում է վառ տպավորություններով. երեկ նրա վերջին դասախոսությունն էր

Դիտումների քանակ՝ 2198

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում եռօրյա այցով ՀՊՏՀ-ում գտնվող Վարշավայի տնտեսագիտական դպրոցի դասախոս Մարի Յոհանը երեկ ուսանողներին ներկայացրեց իր երկրորդ դասախոսությունը՝ «Զբոսաշրջային ուղղությունների բրենդավորում» թեմայով: Մասնակցում էին կազմակերպիչ՝ արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, ուսանողներ՝ հիմնականում միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունից:

Հանդիպման սկզբում նա խոսեց Հայաստանից իր տպավորությունների մասին և քանի որ թեման առնչվում էր զբոսաշրջությանը՝ մեր երկիրը դիտարկեց զբոսաշրջիկի աչքերով. «Տպավորված եմ Հայաստանի չքնաղ բնությամբ, եղանակով, հասցրել եմ լինել Գառնիում, Գեղարդում, Սևանում, Երևանի մի շարք վայրերում:

Գուցե ձեզ համար սովորական է, բայց ինձ համար ցնցող է, որ այստեղ տարվա այս շրջանում նման արևառատ ու գեղեցիկ եղանակ է: Ես հասցրել եմ որոշակիորեն ծանոթանալ նաև ձեր պատմությանը, գիտեմ, որ հայերը պայքարող, ազատատենչ ու անկախություն սիրող ժողովուրդ են: Հիացած եմ ձեր երկրով»:

Դասախոսության ընթացքում զբոսաշրջությունը ընդգծվեց որպես տնտեսական զարգացման կարևոր ուղղություն և քննարկվեցին զբոսաշրջային գրավչություն ստեղծելուն, երկիրը բրենդավորելուն, ուժեղ կողմերը ճիշտ գովազդելուն, զբոսաշրջիկներին հետաքրքիր առաջարկներ ներկայացնելուն, որակյալ ծառայություններ մատուցելուն առնչվող հարցեր:

Երկրորդ հատվածում Մարիա Յոհանն ուսանողների ուշադրությանն արժանացրեց իր հետազոտությունը՝ «Լեհաստանը որպես զբոսաշրջային երկիր» թեմայով:

Աշխատանքային այցի ընթացքում Վարշավայի տնտեսագիտական դպրոցի պատվիրակը ՀՊՏՀ-ում հանդիպել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ՝ խոսելով գիտահետազոտական համագործակցության հնարավորությունների մասին:

Այսպիսով ամփոփվեց օտարերկրացի դասախոսի այցը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին