Արժևորելով վաստակաշատ դասախոսների անցած ուղին. մեծարման ցերեկույթ՝ ՄՏՀ ամբիոնում

Դիտումների քանակ՝ 3141

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի երկարամյա աշխատակիցներ, ամբիոնի հիմնադիր, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Գրիգոր Աղաջանյանը և տ.գ.թ., դոցենտ Լիդա Պետրոսյանն անցնում են վաստակած հանգստի: Այս կապակցությամբ երեկ ամբիոնում մեծարման ցերեկույթ էր. վաստակաշատ դասախոսներին իրենց սրտի խոսքն ասացին ավագ և կրտսեր գործընկերները:

Ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը, նշեց որ և' Գրիգոր Աղաջանյանը, և' Լիդա Պետրոսյանը իր առաջին դասախոսներից են եղել, օժտված են բարձր մասնագիտական և մարդկային որակներով: Ընդգծելով, որ պարոն Աղաջանյանը  միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ամբիոնի ստեղծման ու զարգացման ակունքներում է՝ Դիանա Գալոյանն իր երախտագիտությունը հայտնեց:

Դասախոսների երկարամյա գիտամանկավարժական գործունեությունն արժևորեցին և գնահատանքի խոսք ասացին տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը: Նրանք հուշեր պատմեցին իրենց դասախոսներ, այնուհետև՝ գործընկերներ Գրիգոր Աղաջանյանից և Լիդա Պետրոսյանից, ասացին, որ նրանք օրինակ են բանիմաց դասախոսի, գիտնական-մանկավարժի, աջակից ու բարի գործընկերոջ:

Դիանա Գալոյանը ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի անունից բեղմնավոր աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց վաստակաշատ դասախոսներին:

Իրենց հերթին, Գրիգոր Աղաջանյանն ու Լիդա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեցին նման միջոցառում կազմակերպելու, իրենց վաստակը գնահատելու համար, ապա խորհուրդ-հորդոր հղեցին ամբիոնի ժառանգորդներին՝ չդադարել սովորել, պրպտել, միշտ մտածել ուսանողին առավելագույն գիտելիքը տալու մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին