«Գրադարանը գիտելիքային տնտեսության կարևոր բաղադրիչն է». ՀՊՏՀ-ում նշվեց գրադարանավարի օրը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1179

Այսօր`  հոկտեմբերի 7-ին,  նշվում է Գրադարանավարի մասնագիտական տոնը. այն նշվեց նաև մեր բուհում: Այս առիթով ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցներին շնորհավորեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր  Գագիկ Վարդանյանը: Նա ծաղիկներ հանձնեց գրադարանի աշխատակիցներին`նրանց ուղղված շնորհավորական խոսքում նշելով, որ գրադարանը գիտելիքային տնտեսության կարևոր բաղադրիչն է: Պրոռեկտորը կարևորեց գրքի դերը և ընդգծեց, որ արդի տեխնոլոգիաների  մեջ էլ գիրքը մնայուն  է, և այն պետք է պրոպագանդել:

Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց նախաձեռնած փոքրիկ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գրադարանի նոր գրքերն ու ստացումները: Տնօրենը  պրոռեկտորին տեղեկացրեց նաև գրադարանի ֆոնդի անձնագրի մասին, որը ստեղծվել է  գրադարանի աշխատակիցների նախաձեռնությամբ և որտեղ ամրագրված  են  ֆոնդի մասին թվային հիմնական տեղեկությունները՝ ֆոնդի ստեղծման տարեթիվը, գրքերի քանակը և այլն:

ՀՊՏՀ գրադարանի տնօրենն իրենց մասնագիտական տոնի առիթով գործընկերներին շնորհավորանքի խոսք է հղել՝ մասնավորապես նշելով. «Աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը մեր իրականության մեջ ստացել է իր պաշտոնական  «գրանցումը». հոկտեմբերի 7-ը  գրադարանային ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոնն  է: Մեր ապագա սերնդի կիրթ, հայրենասեր և հայ տեսակի դաստիարակման դժվարին գործը պահանջում է նաև մեր  լուրջ մասնակցությունը:

Գրքի և նրա «ապագայի» մասին վատատեսական կանխատեսումները, կարծում եմ,  միանգամայն ժամանակավրեպ են, քանի որ մեր երիտասարդության հետ ամենօրյա շփումները ապացուցում են հակառակը: Գիրքը նախընտրելի է մնում նույնիսկ այսօրվա ժամանակակից երիտասարդության համար: Այն  ոչ միայն դասական արժեք է, այլ ճանապարհ, առանց որի չկա առաջընթաց: Եվ այդ ճանապարհի կապող օղակը մենք ենք, սիրելի գրադարանավարներ: Այսօրվա գրադարանը ոչ միայն ընթերցանության և սպասարկման վայր է, այլև գիտակրթական  գործընթացի  լրջագույն օղակ, ուստի այն պիտի դրված  լինի գիտական հենքի վրա, այնտեղ երիտասարդը պիտի շարունակի իր ուսուցումը նաև նոր այլընտրանքային մոտեցումներով, գրադարանը պիտի ամբիոն դառնա և դասախոսի և ուսանողի համար»:

Գրադարանավարի տոնի առթիվ իր շնորհավորական խոսքն ասաց նաև գրադարանի նախկին տնօրեն Վեներա Ավալյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ևս շնորհավորում է իր գործընկերներին, մաղթում աշխատանքային ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին