Դասախոսություններ է կարդում Վարշավայի տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 2091

«Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ և Վարշավայի տնտեսագիտական դպրոցի համագործակցության շրջանակում հոկտեմբերի 23-26-ը մեր համալսարանում է վերոնշյալ բուհի դասախոս Մարիա Յոհանը: Այցի ընթացքում նախատեսվում են դասախոսություններ, հանդիպումներ, որոնք նախաձեռնել է արտաքին կապերի բաժինը:

Վարշավայի տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչն այսօր առաջին դասախոսությունը կարդաց՝ «Ծառայությունների շուկան և հաճախորդների բավարարվածությունը» թեմայով: Մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, թեմայով հետաքրքրված ուսանողները՝ հիմնականում մարքեթինգի ֆակուլտետից, ասպիրանտներ, աշխատակիցներ:

Ողջունելով ներկաներին՝ Մարիա Յոհանն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում, ՀՊՏՀ-ում գտնվելու առիթով: Նա ամփոփ տեղեկություններ ներկայացրեց իր բուհի վերաբերյալ՝ նշելով, որ այն Լեհաստանի ամենահին բիզնես դպրոցն է, ամենահեղինակավորներից մեկը: 16.500 ուսանող ունեցող բուհն ակտիվորեն համագործակցում է օտարերկրյա համալսարանների հետ՝ հյուրընկալելով ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների, դասախոսների և վարչական աշխատակիցների: Ասպիրանտների խնդրանքով առանձնահատուկ պարաբանվեցին լեհական բուհի միջազգային ասպիրանտական, հետազոտական  ծրագրերը:

Դասախոսության առանցքում էին ծառայություններից հաճախորդների բավարարվածության վրա ազդող գործոնները, բավարարվածությունը չափելու համար կիրառվող գործիքներն ու մեթոդները: Ցույց տալով համաշխարհային տնտեսության մեջ ծառայությունների շուկայի մեծ դերը՝ դասախոսն առանձնահատուկ պարզաբանեց զբոսաշրջիկների բավարարվածությանն առնչվող հարցերը: Մարիա Յոհանն ուսանողներին ներկայացրեց նաև իր կատարած հետազոտության արդյունքը:

Արտաքին կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ հյուրը ՀՊՏՀ գրադարանի համար նվեր ունի. «Բիզնեսի կառավարման գործիքները» և իր հեղինակած «Ծառայությունների մարքեթինգ» մասնագիտական գրքերը Մարիա Յոհանը կհանձնի գրադարանին (տե'ս  վերջին նկարում):

Հիշեցնենք, որ Վարշավայի տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչը հոկտեմբերի 26-ին, ժամը 14.10-ին, համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում ներկայացնելու է իր 2-րդ դասախոսությունը՝ «Տուրիստական ուղղությունների բրենդավորում» թեմայով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին