ՄՏՀ ամբիոնը վերսկսել է հրավիրյալ դասախոսների բանախոսությունների կազմակերպումը

Դիտումների քանակ՝ 2367

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը վերսկսել է  տարբեր առարկաների շրջանակներում հրավիրյալ մասնագետների բանախոսությամբ բաց դասախոսությունների շարքը: Հոկտեմբերի 18-ին միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում «Միջազգային բիզնես ծառայություններ» առարկայի դասաժամին «Ռիսկերի կառավարման գործընթացը և դրա կիրառումը միջազգային բանկային ծառայություններում» թեմայով բանախոսել է «HSBC բանկ Հայաստանի» տեղեկատվական անվտանգության ռիսկերի պատասխանատու, գործարար անընդհատության համակարգող Գեորգի Ղահրամանյանը:

Դասախոսության ընթացքում հյուրն ընդգծել է ռիսկերի կառավարման կարևորությունը միջազգային բանկային ծառայություններում, ներկայացրել ֆինանսական կազմակերպությունների անվտանգ գործունեության ձևերը և գործիքները: Կարևորվել է նաև ռիսկերի կառավարման նկատմամբ ՀՀ բնակչության շրջանում ձևավորված մշակույթը, որն ըստ բանախոսի, զարգացման կարիք ունի:

Հոկտեմբերի 19-ին, նույն կուրսում, «Միջազգային առևտուր» դասընթացի շրջանակում «Առրևտաարդյունաբերական պալատը՝ որպես արտաքին առևտրի սուբյեկտ» թեման ուսանողներին է ներկայացրել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը: Նա խոսել է Պալատի գործունեության, ապա՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության արտահանման խթանման ուղղությամբ ՀՀ ձեռքբերումների մասին:

Դասախոսություններն անցել են ակտիվ քննարկման մթնոլորտում:

Այս մասին տեղեկացնում են ՄՏՀ ամբիոնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին