Սեմինար՝ հանրային կառավարման հրատապ հիմնահարցերի շուրջ

Դիտումների քանակ՝ 3056

Այսօր կառավարման ամբիոնում (ամբիոնային գիտական սեմինարների շարքում) քննարկվում էր «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» թեման: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային այս թեման կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.  Ռուբեն Հայրապետյանը, ասիստենտ, տ.գ.թ.  Սարգիս Ասատրյանցը, ասիստենտ Մարիանա Քոչարյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տ.գ.դ.   Վարդան Սարգսյանը իրականացնում են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանի ղեկավարությամբ:

Սեմինարին ներկա էր գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ամբիոնի դասախոսները, ասպիրանտներ և ուսանողներ:

Մինչ զեկուցումներին անցնելը՝ Յուրի Սուվարյանը նշեց, որ հետազոտական թեմայի մասնակիցները պարբերաբար ներկայացնում են կատարած հետազոտությունը և քննարկում ծավալում, և մասնակիցները, ըստ առանձին ոլորտների, մինչ օրս արդյունավետ են աշխատել:

Առաջին զեկուցողը՝ Սարգիս Ասատրյանցը, ներկայացրեց հանրային կառավարման հայաստանյան փորձը երեք հանրապետությունների օրինակով, խորհրդարանական կառավարման սահմանադրական հիմքերը, խորհրդարանական մոդելի միջազգային փորձը Իտալիայի, Իսրայելի և Գերմանիայի օրինակով, անդրադարձ կատարեց մեր երկրում, արդի ժամանակաշրջանում այդ մոդելի ներդրման առանձնահատկություններին:

Ռուբեն Հայրապետյանը վերլուծեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներկա իրավիճակը և տեղական ինքնակառավարման մարինների խոշորացման գործընթացի բարեփոխիչ ազդեցությունը հանրային կառավարման  տեսանկյունից՝ նշելով, որ համայնքների խոշորացման հայեցակարգը դրական և հեռանկարային էֆեկտ կարող է ունենալ:

Վարդան Սարգսյանը իր ելույթում կանգ առավ էլեկտրոնային կառավարման տեսության և փորձի, ժամանակակից գործիքների, դրանց արդյունավետության գնահատման վրա, ներկայացրեց ներդրման հաջորդական փուլերը և շարժընթացը:

Քննարկումից հետո թեմայի ղեկավար Յուրի Սուվարյանը հետազոտողներին հանձնարարություններ տվեց և առաջարկություններ կատարեց՝ նշելով, որ մեր համալսարանի գիտնականների ավարտուն աշխատանքի տեսական դրույթները պետք է ծառայեն մեր երկրում հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին