Արդիական հարցեր՝ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի սեմինարում

Դիտումների քանակ՝ 2547

«Բիզնեսի արդյունավետության գնահատման ժամանակակից մեթոդները» և «Ցորենի ալյուրի հարստացման անվտանգության խնդիրները»  թեմաները կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի հետազոտողների ուշադրության կենտրոնում են: Դրանք այսօր քննարկվեցին ամբիոնային սեմինարում, որին ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, ամբիոնի ղեկավար Միքայել Մարդումյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Տ.գ.թ., ասիստենտ Արթուր Եղիազարյանը և ասպիրանտ Բինգյոլ Ամիրյանը մասնակիցների ուշադրությանը ներկայացրին բիզնեսի արդյունավետության գնահատման ժամանակակից մեթոդները՝ դիտարկելով բիզնեսի հիմնական գործառույթային տիրույթները՝ մենեջմենթ, մարքեթինգ, արտադրություն, ֆինանսներ, հաշվապահություն: Բանախոսները շեշտադրեցին մենեջմենթի, մարքեթինգի, ֆինանսների գործառույթները: Սկզբում գնահատվեց մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը՝ աշխատողների հավատարմության տեսանկյունից: Երկրորդ անդրադարձը  վերաբերում էր մարքեթինգային արդյունավետությանը. խոսվեց ժամանակակից մարքեթինգային գործիքների մասին, առավել մանրամասն ներկայացվեցին  ֆեյսբուքում մարքեթինգային առանձնահատկությունները: Զեկուցողները հաջորդիվ կանգ առան արժեքի գնահատման մեթոդների վրա:

2-րդ թեմայի շրջանակում տեխնոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդանուշ Մելիքյանը խոսեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ, գիտական հիմնավորումներ ներկայացնելով այն մասին, որ  առանց հարստացման էլ, ազգաբնակչությունը կարող է ապրել առողջ՝ պահպանելով մեր գենոֆոնդի առանձնահատկությունները: Նա մեջբերում կատարեց Հենրի Քիսինջերից. «Վերահսկելով նավթը՝ դուք կվերահսկեք պետություններին, վերահսկելով պարենամթերքը՝ դուք կվերահսկեք ազգաբնակչությանը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին