ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

Դիտումների քանակ՝ 1741

Հարգելի ուսանողներ, գործընկերներ, ՀՀ Կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ` հոկտեմբերի 16-ը դարձել է Մամուլի աշխատակիցների օր, որը հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր: 1977 թվականին լույս է տեսել մեր համալսարանի պաշտոնաթերթի՝ «Տնտեսագետի» 1-ին համարը, այսինքն` այս տարին ՀՊՏՀ ամսագրի համար հոբելյանական է: Այս առիթներով շնորհավորանք է հղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Հայ մամուլը, հարգելի՛ բարեկամներ, կրկին իր փառավոր տոնն է նշում: Ու ինչպես ամեն տոնի, այնպես էլ այս առիթով, հիշում ու հիշատակում ենք այն ակունքը, որից սկիզբ է առել, իմաստ ու բովանդակություն է ստացել այս տոնը, դարձել պատմություն: Հայ ժողովրդի ճակատագրում այդ կարևոր դերակատարությունը և պատիվը վերապահված է «Ազդարար» ամսագրին, որի սկզբնավորումը շրջադարձային եղավ մեր հոգևոր ու մշակութային վերածնության ու վերելքի իմաստով:

Մեր համալսարանն անմասն չէ այս տոնից, քանի որ նրա պատերի ներսում անխոնջ ու նվիրված աշխատում են մարդիկ՝ բուհական պարբերականների աշխատակազմեր, գիտահրատարակչական ու արտադրական բաժինների աշխատակիցներ, որոնք լրագրողական,  խմբագրական, տպագրական ու կազմարարական աշխատանքով ապահովում են «Տնտեսագետ» ամսագրի, «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի լույսընծայումը: Եվ ահա այս գեղեցիկ տոնին միասնանում է նաև մեր համալսարանի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի՝ մեր տարեգրությունը կերտողի, բուհական կյանքը վավերագրողի, կրթողի, դաստիարակողի, խորհրդատուի ու հայ մամուլի մեծ ընտանիքում բուհական պարբերականի չորս տասնամյակի իր երթն անխափան պահողի ծննդյան տարեդարձը, որը բոլորիս համակում է ջերմ ու լուսավոր զգացողությամբ:

Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 20-ին «Տնտեսագետը» բոլորեց իր չորս տասնամյակը:  1977 թվականին է լույս տեսել մեր պարբերականի առաջին համարը, որն այն ժամանակ բազմատպաքանակ  շաբաթաթերթ էր: «Տնտեսագետը» մեր ուղեկիցն է եղել այս տասնամյակների ընթացքում և այսօր էլ շարունակում է լինել մեր հոգսերի ու խնդիրների, մեր գաղափարների թարգմանն ու արժեքները քարոզողը: Շատերս ենք նրա էջերում թողել մեր հետքը՝ հոդվածով, իրադարձային նյութով, ձեռքբերումներով, գիտական ու գրական ստեղծագործություններով:

Հարկ է խոստովանել՝ որպես բուհական պարբերական այն ոչ միայն  աշխատել ու ջանացել է պահպանել իր դեմքը, ասելիքը, այլև վերընթաց ուղի է ընտրել՝  միշտ նորացնելով ու կատարելագործելով թե՛ ձևը, թե՛ բովանդակությունը: Այսօրվա «Տնտեսագետը» ասվածի վառ ապացույցն է:

Մեզ քաջ հայտնի է, որ տպագիր մամուլ ստեղծելը դժվարին աշխատանք է, ստեղծագործական որոնումների, հետևողականության, նվիրվածության արդյունք, ուստի «Տնտեսագետի» աշխատակազմին մաղթում եմ առողջություն, եռանդ ու տոկունություն, որ ամսագրի նոր տասնամյակները դարձնեն ավելի արգասաբեր և ձևավորված բարի ավանդույթը անխաթար փոխանցեն սերունդներին:

Սիրով ու սրտանց շնորհավորում եմ բոլոր ժամանակներում հայ մամուլի տարեգրությունը կերտողների տոնը, մեր ամսագրի տարեդարձը, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ