Ամբիոնային գիտական սեմինարների շարքում այսօր հանդես եկավ ֆինանսների ամբիոնը

Դիտումների քանակ՝ 2343

ՀՊՏՀ ամբիոններն ակտիվորեն շարունակում են հանդես գալ գիտական զեկուցումներով: Այսօր տեղի  ունեցավ  ֆինանսների ամբիոնի սեմինարը՝ «ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը» և «Մաքսային հսկողության իրականացման ձևերը և հիմնական սկզբունքները ՀՀ-ում» թեմաներով: Մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը կարևորեց գիտական սեմինարների անցկացման նախաձեռնությունը և դրանց ուսանողների մասնակցությունը, ապա նշեց, որ աշխարհի բարձր վարկանիշով համալսարանները նաև հետազոտական կենտրոններ են, և ՀՊՏՀ-ն այսօր ձգտում է ստեղծել նման հեղինակություն: Ռեկտորը ընդգծեց՝ դասախոսը պետք է նաև հետազոտող լինի և սեմինարներն ուղղված են ամբիոնների  հետազոտական ներուժի բացահայտմանը:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն ասաց, որ նախորդ սեմինարներում հնչել են բավական հետաքրքիր զեկուցումներ, ծավալվել են քննարկումներ, ինչը և ի սկզբանե ակնկալվում էր:

Դասախոսի, ասպիրանտի, մագիստրանտի՝ գիտահետազոտական աշխատանք կատարելու անհրաժեշտությունը ընդգծեց նաև ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, ապա ներկայացրեց զեկուցողներին:

Առաջին բանախոսն ասպիրանտ Հայկազ Արամյանն էր, ով գնահատեց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ազդեցությունը արժեթղթերի շուկայի զարգացման վրա՝ մասնավորապես անդրադառնալով ԿԲ ԴՎՔ կոնկրետ գործիքների ազդեցության չափին: Ասպիրանտը թեման ներկայացրեց գործոնային վերլուծության տեսքով:

Հաջորդ՝ «Մաքսային հսկողության իրականացման ձևերը և հիմնական սկզբունքները ՀՀ-ում» թեմայի բանախոսներն էին տ.գ.թ., դոցենտներ Միքայել Գյուլասարյանը և  Անահիտ Ժամկոչյանը: Նրանց զեկուցումը խարսխված էր ԵԱՏՄ շրջանակներում մաքսային հսկողության իրականացման, դրա սկզբունքների, կիրառման առանձնահատկությունների վրա:

Զեկուցողները պատասխանեցին ունկնդիրների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին