Գունեղ միջոցառումներ ՀՊՏՀ բակում ՝ «Էրեբունի-Երևան - 2799»-ին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 2353

Հոկտեմբերի 14-ին կնշենք մեր սիրելի մայրաքաղաքի հիմնադրման օրը կամ «Էրեբունի-Երևան-2799»-ը: Երևանի տոնն ամեն տարի նշանավորվում է մշակութային գեղեցիկ միջոցառումներով՝ քաղաքը լցնելով սիրով, ջերմությամբ ու բարությամբ: «Էրեբունի-Երևան - 2799» ծրագիրը կրում է  «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը:

Տոնական խանդավառությանն անհաղորդ չմնալով՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն ամեն տարի հանդես են գալիս նոր գաղափարներով ու գունեղ նախաձեռնություններով: Այսօր  համալսարանի բակում դասամիջոցները տարբերվեցին  ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով: Առաջին ընդմիջմանը համալսարանի բակում հյուրասիրություն էին կազմակերպել հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները: Ավանդական տոլմա, հալվա,  գաթա, ղափամա, ավելուկով աղցան, գինի, չրեր, մրգեր ու էլի շատ հայրենյաց բարիքներ համտեսելու էին հրավիրում ուսանողները ՀՊՏՀ-ականներին:

Միջոցառումն անտարբեր չէր թողել կազմակերպիչ ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանին, փոխդեկան Սոնա Ղազարյանին և ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանին, ովքեր շնորհավորեցին մայրաքաղաքի տարեդարձը:

Տոնական տրամադրությունը շարունակվեց երկար դասամիջոցին. ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսխորհրդականները ՀՊՏՀ-ականների ուշադրությունը գրավեցին պարային ֆլեշմոբով, բեմական ներկայացմամբ: Համալսարանի բակում զգացվում էր մայրաքաղաքի կենտրոնի շունչը՝ երիտասարդական եռուզեռ, մարդկային ջերմ փոխհարաբերություններ, սեր ու ժպիտներ:

Այսպիսով ուսանողները կոչ էին անում սիրել մեր մայրաքաղաքն ու ամեն օր վայելել նրա արևշատությունն ու գեղեցկությունը:

Տոնական տրամադրությունը՝ նաև լուսանկարներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին