ՀՊՏՀ-ում վերապատրաստվել է 116 քաղծառայող. վերջին խմբում վերապատրաստվածներին հանձնվեցին հավաստագրեր

Դիտումների քանակ՝ 2027

Ավարտին մոտեցան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ քաղծառայողների վերապատրաստման այս տարվա դասընթացները: Այսօր հավաստագրեր հանձնվեցին  վերջին խմբում և «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում» ծրագրով  վերապատրաստված քաղծառայողներին: Նրանց շնորհավորելու էին եկել համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը:

Նշված ծրագրի հեղինակը բնօգտագօրծման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Նադեժդա Աֆյանն է, ով հաջող ծրագիր նախաձեռնելու համար ԿԳՆ կողմից ընտրվել է որպես ազգային փորձագետ:

Ամբիոնի ասիստենտներ Նորա Այվազյանը և Արմեն Ռուբենյանը ոչ միայն դասավանդել են քաղծառայողներին, այլև մասնագիտական աջակցություն ցուցաբերել՝ խորհրդատվություն տրամադրել, պատասխանել նրանց հուզող մի շարք լրացուցիչ հարցերի:

Շնորհավորական խոսք ասաց և քաղծառայողներին մասնագիտական առաջընթաց մաղթեց Սուրեն Գևորգյանը. «Մեր հաստատած ծրագրով արդեն 2-րդ տարին է՝ իրականացվում է քաղծառայողների վերապատրաստում: Աշխատաշուկայում առկա մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործել մասնագիտական հմտությունները և համոզված ենք, որ վերապատրաստման դասընթացները նպատակին են ծառայում»:

Աիդա Առուստամյանը ևս շնորհավորեց, ապա հանձնեց հավաստագրերը:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահել էր  3 ծրագիր՝ «Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում», որոնցով վերապատրաստում է իրականացրել մայիսի 15-ից հոկտեմբերի 13-ը (գարնանային և աշնանային փուլերով): Ընդհանուր թվով  ՀՊՏՀ-ում վերապատրաստվել է 116 քաղծառայող:

Դասընթացները համակարգել է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Աիդա Առուստամյանը դասընթացների արդյունավետությունը պարզելու համար վերապատրաստման ավարտին խմբերում կատարել են հարցումներ և ըստ ամփոփման՝ ՀՊՏՀ-ում վերապատրաստված քաղծառայողների զգալի մասը գոհ է ծրագրի բովանդակությունից, ստացած գիտելիքից:

Բաժնի պետը նշեց, որ 2018թ. մրցույթի համար նախապատրաստվում են նոր ծրագրեր:

Շնորհավորում ենք քաղծառայողներին, ծրագրի հեղինակներին, դասավանդողներին  և դասընթացների կազմակերպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին