Նոր նախագիծ. ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է պատմվածքի մրցույթ

Դիտումների քանակ՝ 1078

Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աննախադեպ նախագիծ: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության ամբիոնի պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ և նրա հետ համատեղ նախաձեռնում է պատմվածքի մրցույթ: 
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողության շրջանում ընթերցասիրությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանակներում բացահայտել ստեղծագործական անհատականություններին, ներկայացնել ու խրախուսել նրանց, ինչպես նաև ընդարձակել «Տնտեսագետի» ընթերցողների և հեղինակների շրջանակը: 
Նախագիծն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։

Հայտարարության տեքստը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Պատմվածքի մրցույթի պայմաններն են՝
1. Թեմայի ազատ ընտրություն:
2. Ծավալը. բառերը չպետք է գերազանցեն 2500 նիշը` բացատներն ու կետադրական նշանները ներառյալ (մոտավորապես 5 էջ, տողամիջյան հեռավորությունը՝ 1, տառատեսակը՝ sylfean, տառաչափը՝ 12)։
3. Ներկայացված նյութը պետք է լինի ընթեռնելի, զերծ` տեխնիկական թերություններից և գրագետ շարադրված:
4. Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ–ի (իհարկե, նաև մասնաճյուղերի) առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողները, դասախոսները, վարչական անձնակազմի անդամները, աշխատակիցները:
5. Ներկայացվող պատմվածքը չպետք է տպագրված կամ որևէ մրցույթի ներկայացված լինի նախկինում:
6. Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն:
7. Ստեղծագործության վերջում նշել հետադարձ կապի տվյալները` հետախոսահամարներ, էլեկտրոնային հասցե:
Պատմվածքները կարելի է ներկայացնել ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, այնպես էլ ուղարկել news@asue.am anieavet@gmail.com էլեկտրոնային հասցեներին` մինչև 2013 թվականի մարտի 1-ը:
Նախապես ցանկանում ենք նշել, որ մասնակցության հայտ ներկայացնողները պետք է հանդես գան ծածկանուններով (կեղծանուններով): Մրցույթը համակարգող խումբն այս որոշումն ընդունել է` առավելագույն անաչառություն ապահովելու համար:
Մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի:
Հաղթողներին կորոշի մրցատյանը` հաշվի առնելով նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատմվածքների վերաբերյալ ընթերցողների արձագանքները (like–երը)։ Պատմվածքները հրապարակվելու են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), ինչպես նաև բուհի ֆեյսբուքյան էջում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թվականի մայիսի սկզբին: Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին