Պարգևատրվեցին 13-րդ ուսանողական մարզական խաղերի լավագույն ուսանող մարզիկները. մեր բուհից ևս ուսանող պարգևատրվեց

Դիտումների քանակ՝ 1029

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն (ՀԵՀ) իր նիստերի դահլիճում այսօր պարգևատրեց  ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական  ուսանողական մարզական խաղերի լավագույն ուսանող մարզիկներին:  Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերցիայի նախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀ բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչներ, մրցավարներ, ուսանողներ: ՀՊՏՀ-ն ներկայացրեցին ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը և դասախոս, ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանը:  

«Այս տարի ուսանողական մարզական խաղերը կազմակերպվեցին արդեն 13-րդ անգամ: Տարեցտարի աճում է հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ և այսօր կարող ենք փաստել, որ ուսանող մարզիկների վարպետությունը ձեռք է բերել մի նոր որակ»,- ողջունելով մասնակիցների և հյուրերին` ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը նշեց, որ 13-րդ ուսանողական մարզական խաղերին այս տարի մասնակցել է  ՀՀ շուրջ 20 բուհի 2000 ուսանող, անցկացվել է 14 առաջնություն` 8 մարզաձևում:  Բանախոսը բարձր գնահատեց բոլոր առաջնություններին մասնակցած բուհերի, մասնավորապես` ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀՊՃՀ-ի  դերը: Ռազմիկ Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` բուհերի լավագույն  ուսանող մարզիկներին խրախուսելու և պարգևատրելու համար:

13-րդ հանրապետական  ուսանողական մարզական խաղերում ՀՀ բուհերի լավագույն մարզիկներին պատվոգրեր և նվերներ հանձնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: ՀՊՏՀ-ից լավագույն մարզիկ ճանաչվեց ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի անդամ, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտ  Դավիթ Գրիգորյանը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին