«Իմ նկարչությունը հոգու, զգացմունքների նկարչություն է». ՀՊՏՀ ուսանողուհու հերթական մրցանակը

Դիտումների քանակ՝ 1105

«Իմ նկարչությունը հոգու, զգացմունքների նկարչություն է. սիրում եմ կտավին հանձնել մարդկային հոգու հույզերն ու ապրումները, որքան էլ դրանք, երբեմն, տխուր տրամադրություն են հաղորդում ու մտորելու առիթ դառնում»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ  մակրոտնտեսական կանխատեսում և քաղաքականություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող,  «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի գեղանկարչության մրցույթի հաղթող, իսկ օրերս Red Bull-ի հայտարարած «Խզբզարտ» մրցույթի երկրորդ մրցանակակիր դարձած Լիլիթ Ղազարյանը: Վերջինիս տեղեկացմամբ` «Խզբզարտ» մրցույթին ներկայացրած իր ստեղծագործությունը  տեղ է գտել  ուսանողական լավագույն հարյուր նկարների շարքում և օրերս ցուցադրվել «Արվեստի աշխարհ» պատկերասրահում:

«Ինձ համար շատ անսպասելի էր «Խզբզարտի» մրցանակը, քանի որ մասնակիցների թվում էին Թերլեմեզյան գեղարվեստի պետական քոլեջից, Երևանի գեղարվեստի ակադեմիայից ուսանողներ, ովքեր շատ լավ աշխատանքներ էին ներկայացրել»,- չթաքցնելով ուրախության զգացումները` ասաց շնորհալի ուսանողուհին` նշելով, որ մրցույթին ներկայացրած իր աշխատանքում պատկերված է առանց զգացումների ու հույզերի մնացած մարդը, մի մեխանիզմ, որը կամաց-կամաց քայքայում է իրեն: Լիլիթ Ղազարյանը  նկարչությունից բացի, զբաղվում է նաև գեղարվեստական լուսանկարչությամբ: Նա շատ ծրագրեր ու անելիքներ ունի, բայց ամենակաևորն այս պահին մասնագիտական գիտելիքների ձեռքբերումն է. վստահ է, որ ապագայում կունենա իր բիզնեսն արվեստի բնագավառում և այս գործում իրեն շատ կօգնի ընտրած մասնագիտությունը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է Լիլիթ Ղազարյանին և մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայության հետ կապերի բաժին