Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 955

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը։

«Նախ և առաջ ուզում եմ նշել, որ այս տարի ևս ուսանողական խորհուրդը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ուսանողների խնդիրների վերհանմանը և ուսանողների իրավունքների պաշտպանությանը»,– ներկայացնելով ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, հայրենասիրական դաստիրակության աշխատանքների մասին ուսանողական խորհրդի հաշվետվությունը՝ հայտարարեց ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը։ Նա ներկայացրեց ուսանողական խորհրդի անցնող տարվա կատարած աշխատանքները, կազմակերպած միջոցառումներն ու նախագծերը՝ միաժամանակ շեշտադրելով, որ ուսխորհրդի գալիք տարվա նախաձեռնություններում գերակշռելու են գիտական և սոցիալական ծրագրերը։ Թերությունների ու բացթողումների մասին հարցին ի պատասխան ՈՒԽ նախագահը նշեց, որ բացթողումներ նույնպես կան, սակայն իրենք փորձում են շտկել դրանք։ Սևակ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ ուսանողական խորհրդի նախաձեռնություններին աջակցելու համար, ինչպես նաև համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ռեկտորատին, դեկանատներին ու ամբիոններին։

Ուսխորհրդին ջերմեռանդ նախաձեռնությունների համար շնորհակալություն հայտնեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ ընդգծեց, որ ինքն ամենօրյա կապի մեջ է ուսխորհրդի հետ և տեղյակ նրանց նախաձեռնություններին։ Ռեկտորը հորդորեց նաև բուհական միջոցառումներում շատ ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավել։ Գիտխորհրդի անդամները քվեարկությամբ բավարար գնահատեցին ՈՒԽ հաշվետվությունը։

Գիտխորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ դոցենտի կոչում շնորհեցին  ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Անահիտ Ժամկոչյանին, կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ռուբեն Հայրապետյանին և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Նարեկ Կեսոյանին։ Գիտխորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեց միջնորդել ԲՈՀ–ին՝  նշված անձանց դոցենտի գիտական աստիճան շնորհելու համար։

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ նաև այլ հարցերի. մասնավորապես ներկայացվեց բուհի շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի հաշվետվությունն ու զարգացման միտումները։ Գիտխորհրդի անդամները բավարար գնահատեցին կենտրոնի գործունեությունը, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում կենտրոնի աշխատանքը կտա ցանկալի ադյունք։ Գիտխորհրդի անդամները քվեարկությամբ հրատարակության երաշխավորեցին ապրանքագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Կարապետյանի «Տեքստիլ և կարի ապրանքների փորձաքննություն» և ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանի «Մաքսային վարչարարության 300 հարց և պատասխան» ուսումնական ձեռնարկները։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին