ՀՊՏՀ-ականները՝ միջազգային գիտաժողովի մասնակից. մեր դասախոսն արժանացել է պատվոգրի

Դիտումների քանակ՝ 2704

ԵՊՀ ՈւԳԸ հիմնադրման 70-ամյակին նվիրված հոկտեմբերի 2-6-ը Մայր բուհում անցկացված  միջազգային 4-րդ գիտաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ «Տնտեսագիտություն և կառավարում» բաժանմունքում հանդես գալով գիտական հոդվածներով: Այսպես, մեր բուհից մասնակցել են բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Հարությունյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Անուշ Թումանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրանտ Անի Շավարշյանը, Գյումրու մասնաճյուղից՝ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ Անժելա Պապիկյանը և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Վահրամ Շաբոյանը:

Գայանե Հարությունյանի «Ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության գնահատման հնարավորությունները ՀՀ-ում («Ինգո Արմենիա» ԱՓԲ-ի օրինակով)» զեկուցումը «Տնտեսագիտություն և կառավարում»  բաժանմունքում լավագույնն է ճանաչվել. երիտասարդ դասախոսն արժանացել է պատվոգրի և որպես մրցանակ ստացել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հրատարակած «Տնտեսագիտության տեսություն» գիրքը (հեղ.՝ Հ. Լ. Սարգսյան, Հ.Գ. Մարգարյան):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գայանե Հարությունյանն առանձնացրեց իր հոդվածի առանցքային շեշտադրումները.

«Հոդվածում անդրադարձ է կատարվել  ՀՀ-ում ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության գնահատման միասնական բալային համակարգի ներդրման կարևորությանը: Հիմք ընդունելով ՌԴ բանկերի կողմից ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության գնահատման բալային համակարգը՝ կառուցվել է ռեգրեսիոն կոռելացիոն մոդել, որը ստուգվել է մի շարք չափանիշներով, ապացուցվել է մոդելի արդյունավետությունը: Բացի դրանից, բացահայտվել են այն ցուցանիշները, որոնք առավելագույնս են անդրադառնում ֆինանսական կայունության բարելավման վրա: Ցույց է տրվել, թե յուրաքանչյուր ցուցանիշի համապատասխան փոփոխությունը ինչպես կարող է անդրադառնալ կայունության ընդհանուր մակարդակի վրա: Արդյունքում կատարվել են  մի շարք առաջարկություններ, որոնք կարող են կիրառվել ընկերությունների կողմից՝ ֆինանսական կայունություն ապահովելու համար»:

Նշենք, որ հոդվածների ընտրությունը կատարվել է 2 փուլով:

Գիտաժողովի 17 մասնագիտական բաժանմունքներում հնչել են շուրջ 350 զեկուցումներ, մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ: Շնորհավորում ենք Գայանե Հարությունյանին և մեր մյուս մասնակիցներին, մաղթում գիտական բեղմնավոր ուղի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին