Տեղեկացվածություն՝ նոր հեռանկար կառուցելու համար. ներկայացվեցին Գերմանիայում ուսանելու հնարավորությունները

Դիտումների քանակ՝ 1860

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր տեղեկատվական հանդիպում էր. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) երևանյան գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանը, իր գործընկերների՝ Ռուբեն Վարդազարյանի և Հանա Էսինգի հետ միասին այցելել էին մեր համալսարան: Այցի նպատակն էր ներկայացնել Գերմանիայի կրթական համակարգը, ուսանելու և հետազոտելու կրթաթոշակային ծրագրերը, դիմելու կարգը:

Հանդիպման կազմակերպիչն էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, ներկա էին բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, աշխատակիցները և մեծ թվով բակալավրիատի ուսանողներ:

Մերի Նավասարդյանը հանգամանորեն կանգ առավ Գերմանիայում ուսանելու առավելությունների վրա և գործնական զրույց ծավալեց բակալավրիատում և մագիստրատուրայում կարճաժամկետ և երկարաժամկետ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ, անդրադարձավ ամառային մեկամսյա կրթաթոշակին, խորհուրդներ տվեց:

Գերմանիայում ուսանել ցանկացողները ստացան ոչ միայն ստույգ տեղեկություն, այլև իրենց հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Հյուրերն ուսանողներին տրամադրեցին տեղեկատվական գրքույկներ և ուղեցույցներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին