Հերթական սեմինարը՝ պատմագիտության հիմնահարցերով

Դիտումների քանակ՝ 2520

ՀՊՏՀ ամբիոնների գիտական սեմինարների շարքում այսօր հերթականը փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնում էր: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ:

Բանախոսն էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանը, թեման՝ «Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ)»:

Խորհրդային Հայաստանի օրինակով Արարատ Հակոբյանը ներկայացրեց բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի ձևավորման գործընթացը՝ մենիշխանության առաջացման սոցիալ-քաղաքական և գաղափարական նախադրյալները, խորհրդային իշխանության բնույթն ու կառուցվածքը, ընտրական խտրական համակարգը, կուսակցական նոմենկլատուրայի հաստատումը,  ներկուսակցական բանավեճերը, դրանց դրսևորումներն ու առանձնահատկությունները: Նա նշեց, որ մեկ տարի առաջ այս խորագրով մենագրություն է լույս ընծայել և հավելեց, որ իր համար որպես գաղափարական հենք են ծառայել հատկապես Գարեգին Նժդեհի և Նիկոլայ Բերդյաևի հայացքները:

Բանախոսի ելույթից հետո թեմայի շուրջ հարցեր հնչեցին և բանավեճ ծավալվեց. մասնավորապես, կառավարման ձևերի շուրջ խոսելիս քննարկվեցին ժողովրդավարություն, խոսքի ազատություն գաղափարները, դրանց իրացման վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները հայտնեցին կարծիքներ ու դիտարկումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին