ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են Արցախի պետական համալսարանի ուսանողներ

Դիտումների քանակ՝ 2125

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ սեպտեմբերի 25-29-ը մեկշաբաթյա դասընթացների մասնակցելու նպատակով հյուրընկալվել են մեր համալսարանում: Երկու համալսարանների փոխգործակցության շրջանակներում այս հարցով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին նամակով դիմել էր ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Սա երկկողմ համագործակցության հերթական քայլն է:

Երկուշաբթիից ուրբաթ Արցախի պետական համալսարանի ուսանողները եղել են մեր համալսարանում,  մասնակցել են  ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Ինչպես տեղեկացրեց ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ուսխորհրդականներն ամեն կերպ  ջանացել են հյուրերի  այցը հիշարժան դարձնել:

Այսպես, արցախցի ուսանողները մասնակցել են միջֆակուլտետային, ներֆակուլտետային  ժամանցային, ինտելեկտուալ   միջոցառումներին, ծանոթություններ հաստատել ՀՊՏՀ-ականների հետ: Բացի դրանից, իրենց ցանկությամբ ունկնդրել են մարքեթինգ  մասնագիտությանը վերաբերող բանախոսություն, որը վարել է մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանը: Մեր ուսանողների ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում ՀՊՏՀ ՈւԽ կողմից տեղադրված, Քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարին և հարգանքի տուրք մատուցել մերօրյա հերոսներին: Ուսանողներն ուրբաթ մեկնել են Արցախ՝ մեր համալսարանից հեռանալով  վառ տպավորություններով ու կրկին հյուրընկալվելու ցանկությամբ:

Առաջիկայում սպասվում է ՀՊՏՀ դասախոսների այցը ԱրՊՀ, որտեղ նրանք կիրականացնեն վերապատրաստման ծրագրեր և հանդես կգան դասախոսություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին