ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1333

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած 2016թ.  մրցույթում ՀՊՏՀ-ն ներկայացրել և շահել է 3 ծրագիր՝ «Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում և կառավարում»: Նշված ծրագրերի շրջանակներում մեր համալսարանում այսօր մեկնարկել են ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները:

ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի պետ Աիդա Առուստամյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ 2 փուլով (գարնանային և աշնանային) կվերապատրաստվեն բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ավելի քան 100 քաղծառայողներ:

«Մեր ներկայացրած ծրագրերը արդիական են և պահանջարկ ունեն: Պետք է նշել, որ այս թեմաներով դասընթացներ մինչև այժմ  չեն կազմակերպվել»,- ասաց կենտրոնի պետը և հավելեց, որ դասավանդում են համապատասխան ոլորտներում փորձ ունեցող  ՀՊՏՀ  դասախոսներ:

Ծրագրերում ներառված է «Կառավարչական հմտություններ» պարտադիր դասընթացը:

Տեղեկացնենք նաև, որ հեռավար (առցանց) ուսուցում իրականացնելու նպատակով Աիդա Առուստամյանը և ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը մասնակցում են  Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացներին: Առաջիկայում ՀՊՏՀ ներկայացուցիչները հեռավար ուսուցման վերապատրաստում կիրականացնեն մի խումբ քաղծառայողների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին