Միասնական աղոթք՝ հայ զինվորի համար

Դիտումների քանակ՝ 2456

ՀՊՏՀ բակում այսօր համախմբվել էին ուսանողներն ու աշխատակիցները՝ միասնական աղոթք հնչեցնելու առ Աստված՝ ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախում զոհված մեր հերոսների հիշատակի և սահմանին մարտնչող  զինվորների համար:

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  կազմակերպված միջոցառման հյուրն էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնի բուհերի և երիտասարդության գծով հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը:

Ընդգծելով վերջին օրերին հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը՝ սարկավագը նշեց, որ արցախյան դեպքերին մասնակից եղան բոլորը՝ ոմանք անմիջական մասնակցությամբ, ոմանք էլ՝ իրենց աղոթքներով ու զորակցությամբ: Նա նշեց՝ տեղյակ է, որ  մի խումբ ՀՊՏՀ-ականներ  վերջերս գտնվել  են Արցախում և սատարել տեղի բնակչությանն ու զինվորներին, ապա հավելեց, որ այս օրերին հայոց երկրի պաշտպանության գործին են միացել նաև հոգևորականներ:

«Ավարայրից, Սարդարապատից, Արցախյան պատերազմից մինչև այժմ մենք ունենք  բարձր ոգի: Յուրաքանչյուրիդ աղոթքն ի զորու է փրկել, Աստծո գութը շարժել: Աղոթենք, որ Աստված պահպանի մեր զինվոր-եղբայրներին և մեր հայրենիքը»,-նշեց սարկավագը:

Բուհերի հոգևոր պատասխանատուի հետ ՀՊՏՀ-ականները հնչեցրին  «Տերունական» աղոթքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին