Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում կայացավ տեղեկատվական հանդիպում

Դիտումների քանակ՝ 1507

«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ, ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Ավագյանը, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Աշոտ Մարդոյանի առաջարկով այսօր ՀՊՏՀ-ում հանդես եկավ «Ինչպե՞ս դիմել միջազգային ուսումնական ծրագրերին» տեղեկատվական սեմինարով: Տիրապետո՞ւմ են արդյոք ուսանողները ճիշտ ներկայանալու, ազդեցիկ մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրական (CV) գրելու հմտություններին, ծրագրերին դիմելու ընթացակարգերին. փորձեց պարզել ՀԿ ղեկավարն ու ի պատասխան տրամադրեց օգտակար տեղեկատվություն, հորդորեց բարելավել օտար լեզուների իմացությունը:

«Մեր ՀԿ առաքելությունն է ոչ ֆորմալ կրթության ապահովումը, բուհ-ուսանող-գործատու կապի ամրապնդումը, ուստի մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկը միջազգային կրթական ծրագրերի մասին ուսանողության իրազեկվածության բարձրացումն է: Նմանատիպ սեմինարներ ենք անցկացնում դեռ 2018 թ. օգոստոսից, արդեն եղել ենք 15 բուհերում, իսկ 2019թ. մեր առաջին սեմինարն իրականացրեցինք հենց հարազատ բուհում: Ինքս էլ ուսանող եմ և կարծում եմ, որ երիտասարդների մոտ տեղեկացվածության, մոտիվացիայի պակաս կա, ուստի, այս բացը լրացնելու գործում փորձում եմ իմ լուման ներդնել»,-ասաց Տիգրան Ավագյանը:

Ի դեպ, միջազգային ծրագրերով հետաքրքրվածները խորհրդատվության համար կարող են դիմել «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին