«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում էր Բիալիստոկի համալսարանի դասախոսը

Դիտումների քանակ՝ 2788

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 3-7-ը ՀՊՏՀ-ն հյուրընկալել է Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Լուկաշ Նազարկոյին, որը դասախոսություններ է կարդացել ՀՊՏՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար:
«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կատարված այցի մանրամասները մեզ հայտնեց ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը, որը, հիշեցնենք, ՀՊՏՀ-ում համակարգում է նշված ծրագիրը:
Այսպիսով, դեկտեմբերի 3-ին Լուկաշ Նազարկոն Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում  մասնագիտության ուսանողներին, դասախոսներին և ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցներին է ներկայացրել «Մակրոտնտեսագիտության և միջազգային տնտեսագիտության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով դասախոսություն, որի ընթացքում քննարկվել են «խաղերի տեսության» առաջացման նախապատմությունը, անհրաժեշտությունը և առավել հայտնի տեսությունները: Դասախոսությանը ներկա էին նաև ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:
Դեկտեմբերի 4-ին և 5-ին Լուկաշ Նազարկոն իր դասախոսությունների շարքը շարունակել է Տնտեսագիտության տեսության և Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների ուսանողների համար: Ներկա է եղել միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Վերգինե Կիրակոսյանը:
Ուսանողները մեծ ոգևորությամբ մասնակցել են դասախոսություններին և կատարել ներկայացված բոլոր առաջադրանքները: Հանդիպումներն անցկացվել են դասապրոցեսում ուսանողների ակտիվ ներգրավման և մասնակցային դասախոսությունների ձևով:
Լեհաստանից ժամանած հյուրը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի և նրա տեղակալի հետ, որի ժամանակ պարոն Նազարկոն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելություն կազմակերպելու համար և ներկաներին նվիրել Լեհաստանից բերված զանազան հուշանվերներ, ինչպես նաև Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի խորհրդանշանով փողկապներ:
Լուկաշ Նազարկոն Հայաստանից մեկնել է վառ տպավորություններով՝ իր հետ տանելով ազգային տարրեր պարունակող հուշանվերներ և քաղցրավենիք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին