30 տարի անց. Սպիտակի երկրաշարժին նվիրված դասը միտված էր ուսանողների իրազեկության բարձրացմանը

Դիտումների քանակ՝ 1854

Դեկտեմբերի 7-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս տարի երկրաշարժի 30-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ մեր հանրապետությունում տեղի են ունենում տարաբնույթ միջոցառումներ: Տնտեսագիտական մայր կրթօջախն էլ անմասն չմնաց տարելիցը նշելու համապետական նախաձեռնությունից. այսօր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսում տեղի ունեցավ բաց դաս, որի նպատակն էր բարձրացնել ուսանողության իրազեկությունը երկրաշարժերի, դրանց ընթացքում արագ և ճիշտ կողմնորոշվելու՝ պատսպարվելու, տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, քիմ.գիտ. թեկնածու Սիրանուշ Հարությունյանը, որը նաև ՀՊՏՀ-ում ԱԻ և քաղպաշտպանության գործառույթների պատասխանատուն է: Հրավիրված էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի խորհրդական Աշխեն Թովմասյանը, նույն ծառայության աշխատակից Աննա Բայրամյանը, մասնակցում էին նշված ամբիոնի դասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Դասը բաղկացած էր 2 մասից. սկզբում Սիրանուշ Հարությունյանը ներկայացրեց դասի անցկացման նպատակը՝ շեշտելով, որ կարևոր է երկրաշարժից դասեր քաղելն ու հատկապես երիտասարդ սերնդին հնարավոր աղետների վերաբերյալ գիտելիքներով զինելը: Զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Անի Մելիքյանը, Քնարիկ Գրիգորյանը, Իրինա Մելքոնյանը, Մարիամ Գրիգորյանը, Արաքսյա Պապոյանը, Արեն Զուրաբյանը, Հովհաննես Քալանթարյանը: Նրանք նախ ամփոփ խոսեցին երկրաշարժ հասկացության, դրա տեսակների, առաջացման պատճառների, մոլորակի երկրաշարժավտանգ գոտիների մասին: Հաջորդիվ զեկուցողները կանգ առան Սպիտակի երկրաշարժի անդառնալի հետևանքների վրա, երախտագիտությամբ հիշեցին տարբեր ժողովուրդների մարդասիրական օգնության մասին, շեշտադրեցին երկրաշարժերի կանխատեսումների ժամանակակից գիտական մոտեցումները և, ի վերջո, վերլուծեցին երկրաշարժի դասերը: ՀՊՏՀ-ականների ամփոփիչ խոսքը ՀՀ շենք- շինությունների սեյսմակայունության բարձրացման, ինչպես նաև երկրաշարժերի մասին ազգաբնակչության գիտելիքների բարելավման կարևորության մասին էր:

Հանդիպման երկրորդ հատվածում փորձագիտական մեկնաբանություններ կատարեց Աշխեն Թովմասյանը: ԱԻՆ ներկայացուցչի բովանդակալից վերլուծությունը

տարածաշրջանում, ՀՀ տարածքում տեղի ունեցող երկրաշարժերի առանձնահատկությունների շուրջ էր: Դիտարկելով լեռնակազմական պրոցեսների հնարավոր «դրսևորումները»՝ փորձագետը նշեց, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում ՀՀ սեյսմիկ պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Աշխեն Թովմասյանը վերջում պատասխանեց ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին