Արտագնա գործնական դասեր՝ բնօգտագործման տնտեսագիտության ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1876

Կարևորելով տեսական գիտելիքների հետ գործնական հմտությունների համադրումը՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը նախաձեռնություն է սկսել, որով արտագնա ուսումնական պարապմունքներ են անցկացվում գործնական միջավայրում, համապատասխան կազմակերպություններում: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց նշված ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Գագիկ Աղաջանյանը:

Նախաձեռնության շրջանակում երեկ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսը «Տեղեկատվության տրամադրման կանոնակարգերը բնօգտագործման տնտեսագիտությունում» առարկայի դասին հյուրընկալվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում: «Առցանց միջավայրում երկրատեղեկատվական համակարգերի միջոցով ջրային համակարգերի էլեկտրոնային կառավարում» թեմայով դաս է վարել բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, Ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետի տեղակալ Գևորգ Ալոյանը, թեմայի շուրջ պարզաբանումներ է կատարել նաև կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական, ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության շրջանավարտ Սուրեն Նազարյանը:

Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ առաջիկայում այս նախաձեռնությունն ավելի մեծ ներգրավվածություն կապահովի, բակալավրական խմբերի ուսանողները ևս արտագնա դասերի կմասնակցեն՝ հնարավորություն ստանալով գործնական միջավայրում լսել մասնագիտական թեմաներ, ձեռք բերել գործնական հմտություններ, ծանոթանալ աշխատանքի իրականացման գործընթացին: Այս ուղղությամբ ամբիոնը նոր համագործակցություններ է հաստատում, նոր որակ հաղորդում արդեն ամրագրված գործակցություններին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին