Մի կտոր Երևան՝ ՀՊՏՀ բակում. ֆլեշմոբ՝ նվիրված մայրաքաղաքի տոնին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2065

Վաղը համայն հայության սրտի մայրաքաղաք Երևանի տոնն է: ՀՊՏՀ ուսանողությունն ամեն տարի ջերմ ու արևային տրամադրությամբ է նշում այն, և այս տարին էլ բացառություն չէր: «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությանն ընդառաջ՝ համալսարանի ուսանողական խորհուրդը երկար դասամիջոցին ՀՊՏՀ-ականներին համախմբեց կրթօջախի բակում՝ վայելելու Երևանի արևային աշունը: Հնչում էին մայրաքաղաքին նվիրված երգեր, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն էլ հյուրասիրում էր անուշեղեն ու գինի: Անցկացվեց նաև խաղ-մրցույթ, որի հաղթողները՝ մայրաքաղաքին վերաբերող հարցերին ճիշտ պատասխանողները, շոկոլադներ ստացան:

Ուսանողների ստեղծած երևանյան տրամադրությունն արժանացավ ՀՊՏՀ ղեկավար Դիանա Գալոյանի, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և աշխատակիցների ուշադրությանը, նրանք միացան ֆլեշմոբին:

Մերի Բադալյանը մեզ հետ զրույցում ողջունեց ՀՊՏՀ-ականների խանդավառությունը և նշեց՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները գեղեցիկ ավանդույթ են ձևավորել, ամեն տարի տոնին ընդառաջ բակում հյուրասիրություն են կազմակերպում, ներկայացնում Երևանին բնորոշ համն ու հոտը, ջերմ ու դրական տրամադրություն ստեղծում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին