ՀՊՏՀ Change Lab-ում թվային ռազմավարությունների շնորհանդես էր

25.03.2021
Դիտումների քանակ՝ 1326

Հայաստանյան գործարար աշխարհը կհարստանա թվային մարքեթինգի բնագավառում նոր գաղափարներ ու նորաստեղծություններ առաջարկող երիտասարդ մասնագետներով: Այս հավաստիացումն էր ներկայացնում ՀՊՏՀ Change Lab-ի այսօրվա միջոցառումը, որի ընթացքում մեր տաղանդաշատ ուսանողները ներկայացնում էին իրենց մշակած ռազմավարություններն առանձին բիզնեսների համար:

Այս կարևոր արդյունքային շնորհանդեսին նախորդել է ՀՊՏՀ Change Lab-ի և SMARTOLOGY Digital Business Academy-ի 2,5 ամսվա հետևողական աշխատանքը՝ դասընթացներ, վեբինարներ առցանց և անցանց հարթակներում, որոնք վարել է SMARTOLOGY Digital Business Academy- ի տնօրեն, մեր բուհի մարքեթինգի պատասխանատու Արտակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս դասընթացը՝ «Թվային աշխարհում խնդիրներ լուծողներ-2.0», ինչպես նաև մշակված ռազմավարությունների շնորհանդեսը լավագույնս փաստում են, որ փոփոխությունների լաբորատորիան հնարավորություն  է տալիս ուսանողին մշակելու իրական բիզնեսի իրական ռազմավարություն և իրագործելու այն:

Շնորհանդեսին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը:  Որպես փորձագետ հրավիրված էր Dimark ինտերնետ մարքեթինգ ընկերության հիմնադիր-տնօրեն Կարեն Ջավահիրյանը:

Մինչ շնորհանդեսը, Change Lab-ի հիմնադիր-տնօրեն Արտակ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2,5 ամսվա հետևողական աշխատանքի արդյունքում, որը ակադեմիական կրթության և գործնական դասընթացների շրջան էր, այսօր ուսանողը հասել է մի վերջնարդյունքի, որ ներկայանում է թվային պրոդուկտներով՝ ռազմավարություններով, բիզնեսների առաջխաղացման, ռեբրենդինգի ծրագրերով, նոր գաղափարների  ու լուծումների առաջադրման փաթեթով: Նրա հավաստիացմամբ՝ բոլոր թվային նախագծերին կտրամադրվեն բյուջեներ՝ այդպիսով գործնական առաջխաղացման նոր հնարավորություններ ստեղծելով ուսանողի համար:

Այսպիսով, բոլոր 5 խմբերը հանդես եկան ուշագրավ շնորհանդեսներով՝ ներկայացնելով թվային մարքեթինգի բնագավառում ձեռք բերած գիտելիքը, փորձն ու կարողությունները, նորաստեղծական մոտեցումները, որոնց հմուտ կիրառությունը նրանց լավագույնս կկապի գործնական դաշտի ու գործատուի հետ՝ ապահովելով մասնագիտական աճ ու մրցունակ աշխատավարձ: Իսկ այս ամենի երաշխավորը ՀՊՏՀ Change Lab-ն է՝ գործատու հանդիսացող իր գործընկերների հետ միասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին