«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան ներկայացավ իր ծրագրերով

25.03.2021
Դիտումների քանակ՝ 1777

Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդունեց գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության ուսանող Բաբկեն Ամիրյանը, որը, մասնակցելով «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի International Excellence Scholarship Program (IES) ծրագրին, 400-ից ավելի մասնակիցների մեջ դարձել  է հաղթող և այժմ պատրաստվում է մեկնել Հումբոլտի համալսարան՝ ուսանելու ձեռնարկատիրական տնտեսագիտություն մասնագիտությամբ։

Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ մեր համալսարանը վերջերս  ստորագրել է համագործակցության հուշագիր:

Ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունեց Դավիթ Բուդաղյանին և շնորհավորեց Բաբկեն Ամիրյանին մրցույթը պատվով հաղթահարելու և գերմանական առաջատար համալսարանում ուսանելու առիթով:

Դավիթ Բուդաղյանը հանդես եկավ հետագա համագործակցության ընդլայնման գործնական առաջարկություններով՝ ներկայացնելով «Կոպեռնիկուս Բեռլին» ծրագրի շրջանակում իրականացվող միջազգային կրթական ծրագրերն ու  կրթաթոշակները, մրցութային կարգը, ուսանողների առջև բացվող հեռանկարները: Նա ընդգծեց, որ տնտեսագետ ուսանողների համար Գերմանիայի առաջատար բուհերում սովորելը բարենպաստ կլինի մեր երկրի համար և հույս հայտնեց, որ բուհն էլ իր հերթին կառաջադրի ու կերաշխավորի իր լավագույն ուսանողներին: Մասնավորապես International Excellence Scholarship Program (IES) ծրագրի վերաբերյալ, որով ուսումնառության կմեկնի մեր ուսանողը, նա նշեց, որ նախատեսում է և´ կրթություն, և´ փորձառություն:

Ռեկտոր Դիանա Գալոյանն արժևորեց գերմանական կրթահամակարգը՝ նշելով, որ այն լավագույններից մեկն է աշխարհում և հույս հայտնեց, որ համագործակցությունը արդյունավետ ընթացք կունենա: Ռեկտորը նշեց, որ բուհի ղեկավարությունը բաց է համագործակցության այլ ձևաչափեր ևս քննարկելու համար:

Այնուհետև Դավիթ Բուդաղյանը հանդիպեց ՀՊՏՀ ուսանողների հետ և ներկայացրեց «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան, թիմը, վարչական անձնակազմը, կամավորական խումբը, խոսեց այն արժեքների մասին, որոնք դավանում են, անդրադարձավ համագործակցության շրջանակին և կանգ առավ ուսանողներին առաջարկվող ծրագրերի վրա՝ IES, Talent Show, Leaders for Future, Միջազգային սեմինարներ:

Ուսանողները Դավիթ Բուդաղյանից մանրամասնորեն հետաքրքրվեցին յուրաքանչյուր ծրագրից՝  ընտրության չափանիշներ, քննության անցկացման ընթացակարգ և այլն, ստացան սպառիչ պատասխաններ: Իսկ Բաբկեն Ամիրյանը սիրով ներկայացրեց մրցույթին դիմելու և հաղթելու իր փորձառությունը՝ հորդորելով դիմել, հաղթահարել ու հաղթել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին