ՀՊՏՀ հերոս-ուսանող Յուրին պետք է ֆինանսիստ դառնար․ հիշատակդ՝ անմար

24.03.2021
Դիտումների քանակ՝ 1757

Ցավով ենք հայտնում, որ Արցախա-ադրբեջանական պատերազմում հայրենիքը պաշտպանելիս մարտիրոսվել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի  հեռակա 1-ին կուրսի ուսանող Յուրի Չիլինգարյանը։

Ֆինանսիստ դառնալու երազանքով նա 2019 թ․ հոկտեմբերին ընդունվել է ՀՊՏՀ, ապա 2020 թ․ հունվարին զորակոչվել հայոց բանակ՝ սրբազան պարտքը կատարելու։ Հավատարիմ զինվորական երդմանը՝ Յուրին հայրենիքը պաշտպանել է կյանքի գնով։

«Նա մեր խելացի, նպատակասլաց ուսանողն էր։ Ավա՜ղ, չհասցրեց սովորել, սակայն ՀՊՏՀ գալու առաջին իսկ վայրկյանից նրա աչքերում ճառագում էր մասնագիտանալու մղումը։ Հիշում եմ նրան որպես արժանապատիվ, բարեկիրթ երիտասարդի։ Յուրին ազնվականի դիմագծեր ու կեցվածք ուներ և իրավամբ, ազնվական հայի կերպարի մարմնացում դարձավ։ Գլուխ ենք խոնարհում մեր հերոսի հիշատակի առջև»,- մեզ հետ զրույցում ասաց ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը։

Հավերժ փառք։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին