ՀՊՏՀ-ում ներկայացվեցին ՀՀ ՊԵԿ-ում աշխատանքի հնարավորությունները

18.04.2024
Դիտումների քանակ՝ 874

Ապրիլի 18-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներին։ Նրանք ՀՊՏՀ ուսանողներին ներկայացրին մաքսային և հարկային ծառայող դառնալու գործընթացները, առանձնահատկությունները և հնարավորությունները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ պետական հատվածի ամենախոշոր գործատուներից մեկը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կադրերի ներգրավման, կատարողականի և բարեվարքության գնահատման, որակավորման բարձրացման, կարիերայի առաջխաղացման լուրջ բարեփոխումներ է նախաձեռնել և այդ ամենը հաջողությամբ առաջ է մղում: Բուհի ղեկավարն ուրախությամբ փաստեց, որ ՊԵԿ-ում իրենց աշխատանքային կարիերան են կերտում նաև ՀՊՏՀ շրջանավարտները, ապա ընդգծեց պետական աշխատանքի առավելությունները և հայրենիքին ծառայելը որակեց որպես պատվաբեր աշխատանք։

Իր խոսքն ուղղելով ՊԵԿ ներկայացուցիչներին՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Տնտեսագիտական և գործարար վարչարարության ուղղությամբ ՀՊՏՀ-ն ՀՀ-ի առաջատար բուհն է, որտեղ համախմբված են այս ուղղությամբ դասավանդող կադրերի 60%-ից ավելին և սովորողների 70%-ից ավելին»։

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Ոլորտային թիվ 10 և աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանը, ՀՀ ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանը, ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը։

Նրանք ներկայացրին ՀՀ ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումները, որոնցում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կադրային բազայի թարմացումը, որակավորման բարձրացմանը միտված ծրագրերը։ «Մեր հանդիպման հիմնական ակնկալիքն այն է, որ այստեղ ներկա երիտասարդների ապագա աշխատանքը լինի Պետական եկամուտների կոմիտեում»,- նշեց Գոռ Վարդանյանը։ Ուսանողներին մանրամասն ներկայացվեցին յուրաքանչյուր վարչության նպատակները, գործառույթները, աշխատանքի նրբությունները և այն հնարավորությունները, որոնք տրվում են տվյալ վարչության աշխատակիցներին։ Գարիկ Մինասյանը, ով ՀՊՏՀ շրջանավարտ է, նշեց, որ ՊԵԿ-ում աշխատանքի անցնելը ողջունելի է և կարևոր է տեղեկացված լինել այնտեղ առաջխաղացման մեծ հնարավորությունների մասին և՛ պաշտոնների, և՛ կոչումների, և΄ վարձատրության առումով։ Հանդիպան ընթացքում ներկայացվեցին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում իրականացվող անվճար դասընթացները, դրանց դիմելու կարգը, պահանջվող հմտությունները։ Նշվեց, որ դասընթացը հաջող ավարտող ուսանողները ստանում են հարկային և մաքսային ծառայողի որակավորում և սկսում են իրենց կարիերան ՊԵԿ-ում։

Հանդիպման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում