Նորովի բացահայտելով Չարենցին․ ՀՊՏՀ-ում չարենցյան տոն էր /ֆոտոշարք/

18.05.2022
Դիտումների քանակ՝ 1476

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ շունչը չարենցյան էր։ Համալսարանի շնորհաշատ ուսանողների մասնակցությամբ կայացավ «Մեր Չարենցը» խորագրով ցերեկույթ՝ համեմված երգով, պարով ու ասմունքով։

Հանճարեղ պոետի 125-ամյակին նվիրված միջոցառումներից ՀՊՏՀ-ն չէր կարող անմասն մնալ։ Այս հանգամանքն էլ ուսանողուհի Մարգարիտա Խաչատրյանին ուղղորդեց դեպի լեզուների ամբիոն, որտեղ հայոց լեզվի և գրականության դասախոս Աննա Ղարսլյանի հետ սկսեցին մտահղացմանը միս ու արյուն հաղորդել։ Չարենցին բացահայտելու ճանապարհին բացահայտեցին նաև տարբեր ֆակուլտետներից մի խումբ չարենցասեր երիտասարդների, համախմբվեցին մի գաղափարի շուրջ, և այն իրականություն դարձրին։ «Մենք պայմանավորվել էինք, որ աշխատանքի հիմքում պետք է դրված լինի սերը, հաճույքը։ Եթե այս միջոցառումից հետո գոնե մի քանի ուսանող գնա տուն, և յուրաքանչյուրն իր չափով սկսի կարդալ և ուսումնասիրել Չարենց, ուրեմն աշխատանքս պտուղներ է տվել. դրանից մեծ գնահատական չեմ պատկերացնում»,- Աննա Ղարսլյանն է խոստովանում։

Միջոցառմանը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, դասախոսներ, ուսանողներ, հրավիրված էին նաև Ե. Չարենցի տուն-թանգարանի աշխատակից, գրականագետ Անուշ Թասալյանը և գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը։

Ողջունելով հանդիսատեսին ու մասնակից ուսանողներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց՝ ուրախ է, որ մասնագիտական գիտելիքին զուգահեռ Տնտեսագիտական բուհում ձևավորվում է մշակութային և հոգևոր միջավայր, որտեղ դաստիարակվում են բարձր արժեհամակարգ ունեցող անհատներ։

Անուշ Թասալյանը խոստովանում է՝ Տնտեսագիտական բուհում տեսնել մշակութապես այսքան զարգացած և հուզական երիտասարդների, չէր ակնկալում. «Երբ տարբեր մասնագիտության տեր մարդիկ են անդրադառնում Չարենցին, նշանակում է, որ Չարենցն անմահ է. դա ևս մեկ անգամ բացահայտեցին այս ուսանողները։ Չարենցը երբևէ չի կեղծել, ապրել է այնպես, ինչպես ցանկացել է, եղել է ազնիվ, խիզախ մարդու և մտավորականի տեսակ, հենց այդպես էլ ներկայացվեց այսօրվա միջոցառմանը»։

Էկրանին գրված էր Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Հովիկ Չարխչյանը իր խմբագրումն է ներկայացնում՝ մեր փրկությունը նաև ճանաչողության մեջ է․ «Ես վստահ եմ՝ այն սերունդը, որն այսօր Չարենց է կարդում, որը գիտի Չարենց, փորձում է մոտենալ Չարենցին, այդ սերունդը այլևս չի պարտվելու»։ Չարենցագետը նույնպես խոստովանում է՝ Տնտեսագիտականում այսքան «պոեզիա տեսնել» չէր սպասում։ «Ինձ այնպես թվաց, որ բոլորին անձնապես ճանաչում եմ, հին ծանոթներ ենք, որովհետև ամեն մեկի մեջ մի քիչ Չարենց կար, մի քիչ բանաստեղծություն, մի քիչ ոգեղենություն, և ձգտում կար ճանաչողության, թռիչքի՝ դեպի այն բարձունքները, որ նվաճված են Չարենցի կողմից»,- ասում է Չարխչյանը ու հավելում՝ մենք Չարենցին ոչինչ չունենք տալու, բայց Չարենցից վերցնելու անսահման մեծ հարստություն ունենք, և եթե մեզնից յուրաքանչյուրին հաջողվի այդ անսահման հարստությունից գոնե մի փոքր վերցնել, հարստանալ նրանով, մեր կյանքը բոլորովին այլ գույների ու երանգների մեջ կլինի։

Չարենցը բազմաբովանդակ հեղինակ է. տարբեր ժամանակաշրջաններում տրամադրության, վերաբերմունքի, հայացքների բազում փոփոխություններ է ունեցել, այդ ամենը հղկել, դարձրել ադամանդ, դարձրել պոեզիա։ Այսօրվա ուսանողների ելույթներում կար հավատ, որ այն երկրում, որտեղ ապրել է Չարենցը, վստահաբար նոր չարենցներ կծնվեն։