Դիանա Գալոյանը ամանորյա շնորհավորանք է հղել ՀՊՏՀ ուսանողներին և աշխատակիցներին

Դիտումների քանակ՝ 5979

Սիրելի՛ ուսանողներ, հարգարժա՛ն գործընկերներ,

տարեմուտի այս գեղեցիկ ժամերին ցանկանում եմ ձեզ ուղղել իմ ջերմ շնորհավորանքը, իմ սրտի անկեղծ խոսքը:

Նոր տարվա շեմին մենք լցվում ենք լավատեսությամբ, նոր հույսերով, որ գալիք տարին լինելու է ավելի լավը, դառնալու է մեր նոր երազանքների և նպատակների իրականացման տարի: Հավատում ենք ու այդ ամուր հավատով մուտք գործում նոր տարի: Որքան կարևոր է գալիքի հանդեպ լավատեսությունը, նույնքան կարևոր է անցնող տարին հաշվետու ձևով ամփոփելը, լավն արժևորելը, իսկ վատին հրաժեշտ տալը:

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, մենք միասին անցանք կարևոր և բարդ մեկ տարի, որում սակայն միակամ էինք՝ տեսնելու մեր համալսարանը ավելի զարգացած, նոր հաջողություններ կերտելիս: Միասնական ջանքերով մենք կարողանում ենք հաղթահարել դժվարությունները, իրագործել անգամ բարդ նախաձեռնությունները, և ես վստահ եմ, որ առաջիկայում ևս կարողանալու ենք պահպանել նույն մոտեցումը՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեզ վստահված պարտականությունների շրջանակներում անելու ենք առավելագույնը՝ ի նպաստ Տնտեսագիտական համալսարանի:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2020 թվականը ձեր ընտանիքների համար լինի առողջության, երջանկության, բարօրության, բոլոր նվիրական նպատակների և ցանկությունների իրագործման տարի: Թող որ Նոր տարվա զանգերի ղողանջը բոլորիդ բերի հույս, լավատեսություն և բազում հաջողություններ:

Սիրով ձեր՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ