Ռուբեն Հայրապետյան. Դասախոսական կազմի մրցույթն իրականացվելու է կոնֆլիկտներից զերծ և տալու է մեծ արդյունք

Դիտումների քանակ՝ 2786

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թափուր դասաժամերի համար հայտարարված մրցույթն իրականացվելու է բացարձակ զերծ կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի իր տեսակետը պարտադրել մեկ ուրիշին, իսկ հանձնաժողովն իրավազոր է կայացնելու որոշումներ՝ հիմնվելով սահմանված չափանիշների վրա: Այնպես որ, կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին ուշադիր լինել և այնպես աշխատել, որպեսզի արդյունքում մեր նպատակը արդարացվի, և համալսարանը համալրվի բարձրակարգ դասախոսներով: Ես վստահ եմ, որ այս մրցույթը տալու է մեծ արդյունք»,- այսօր կայացած ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ-ում հայտարարված թափուր դասաժամերի մրցույթին:

Գործընթացը մեկնարկելու է հունիսի 24-ից, հստակ է ժամանակացույցը, ինչպես նաև հանձնաժողովների կազմերը: Մրցույթին ընդառաջ Ռուբեն Հայրապետյանը մի քանի հանդիպումներ է ունեցել ռեկտորատի անդամների, հանձնաժողովների կազմում ընդգրկված աշխատակիցների, ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ, լսել առաջարկներ, ներկայացրել բուհի ղեկավարության մոտեցումները մրցույթի առնչությամբ առկա հարցադրումների վերաբերյալ:

ՀՊՏՀ ղեկավարն ընդգծեց, որ մրցույթի միակ նպատակը համալսարանը բարձրորակ դասախոսական կադրերով համալրելն է, ինչը մեր համալսարանի հետագա զարգացման գլխավոր երաշխքիներից է: «Արդեն գիտեք, որ այս տարի կառավարման մասնագիտությամբ երկու նոր մագիստրոսական կրթական ծրագիր ենք ներդրել, որոնց այս պահի դրությամբ արդեն դիմել է ավելի քան 80 հոգի: Սա նշանակում է, որ համալսարանի գրավչությունը՝ որպես կրթական ծառայություն մատուցող հաստատություն, պետք է բարձրացնել միայն ու միայն որակյալ կրթական ծրագրերով»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Անդրադառնալով մամուլում հնչած ՀՊՏՀ մի քանի դասախոսների այն հայտարարությանը, թե մրցույթի հետևանքով բուհի դասախոսների 70 տոկոսը դառնալու է գործազուրկ, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը հայտարարեց. «Դա պարզապես անհեթեթություն է, ավելին նման հայտարարությունների ներքո սոցիալական ցանցերում արվող գրառումները ևս խոսում են մեր մոտեցման օգտին և հաստատում, որ համալսարանը պետք է զարգացնի իր կարողություններն ու բարձրացնի կրթության որակը: Մեր քայլերը համատարած աջակցություն են գտնում մեր շահառուների հսկայական զանգվածների կողմից՝ ուսանողների, շրջանավարտների, գործատուների, մասնավոր և պետական հատվածների գործընկերների: Խոսեք նրանց հետ և կհամոզվեք դրանում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին