Կյանքից հեռացել է Վլադիմիր Դավթյանը

12.03.2021
Դիտումների քանակ՝ 4018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և հատկապես բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը ծանր ու անդառնալի կորուստ են կրել. կյանքից անժամանակ հեռացել է ամբիոնի երկարամյա դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Ռաֆայելի Դավթյանը:

Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողության անունից, խոր վշտակցություն է հայտնում Վլադիմիր Դավթյանի հարազատներին ու մտերիմներին ու կիսում նրանց կորստյան ցավը:

Որպես հրաշալի գիտնական ու մանկավարժ, հայրենասեր, կորովի ու պայծառ անհատականություն, իսկական մտավորական՝ նա ընդմիշտ կապրի մեր հիշողություններում, քանզի մեկն էր, ով կյանքի իր ուղին անցավ անխոնջ աշխատանքով ու մեծ նվիրումով, իր կերպարով ու կեցվածքով փայլուն օրինակ ծառայեց երիտասարդ սերնդին:

Մեր համալսարանում նա աշխատում էր 1978 թվականից: Իր բազմաթիվ սաների համար նա ոչ միայն ուսուցիչ էր, այլև հայրենապաշտության մի վառ օրինակ, հայրենիքին ծառայելու կամք ու մղում արթնացնող ավագ ընկեր:

1988 թվականից՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից, նա զինվորագրվել է հարազատ ժողովրդի արդար պայքարին, ապա մասնակցել Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերին: Նրա ակտիվ մասնակցությամբ կազմավորվել են «Արծիվ-23», «Թալիշ» և այլ կամավորական գումարտակներ, պարգևատրվել է ԼՂՀ նախագահի «Երախտագիտություն», ՀՀ նախագահի «Մարտական ծառայության համար» և գերատեսչական այլ մեդալներով:

Այսօր, այս հերոսական դրվագները, ցավոք, արդեն նրա ընդհատված կենսագրությունից են…

Գլուխ ենք խոնարհում սիրված ու հարգարժան մեր գործընկերոջ պայծառ հիշատակի առջև և սգում նրա կորուստը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին