ՀՊՏՀ երկու ուսանող արժանացել է «ԿԱԶԱ» հիմնադրամի «ՀԻՐՇՄԱՆ» կրթաթոշակի. հիմնադրամի հետ համագործակցությունն ընդլայնվում է

11.03.2021
Դիտումների քանակ՝ 1511

ՀՊՏՀ-ն և շվեյցարական մարդասիրական «ԿԱԶԱ» հիմնադրամը պատրաստվում են խորացնել համագործակցությունը, որն առավելապես ուղղված կլինի համատեղ ծրագրերի իրականացմանը և հիմնադրամի ծրագրերում մեր համալսարանի ուսանողների ընդգրկվածության մեծացմանը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը երեկ՝ մարտի 10-ին, ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՊՏՀ Change Lab-ի տնօրեն Արտակ Ասլանյանը և «ԿԱԶԱ» հիմնադրամի ծրագրի պատասխանատու Աննա Չոփուրյանը, անդրադարձ կատարվեց ուսանողների համար կրթական ծրագրերի համատեղ իրականացմանը։ Հայտնի դարձավ, որ ՀՊՏՀ Change Lab-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի համագործակցության շրջանակում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Ռուզաննա Զադոյանը և նույն ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ Հակոբ Գրիգորյանը մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և մեկ տարի ժամկետով արժանացել կրթաթոշակի։

Ռեկտոր Դիանա Գալոյանը հիմնադրամի հետ ավելի սերտ աշխատելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ Change Lab-ը մեծ աշխատանք է կատարում ուսանողների ձեռնարկատիրական գաղափարները կյանքի կոչելու, ինչպես նաև աշխատաշուկայի համար նրանց վերապատրաստելու ուղղությամբ։

«ՀԻՐՇՄԱՆ» կրթաթոշակային ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Հ.Գ. Լուսանկարային շարքում ներկայացված են կրթաթոշակի արժանացած մեր ուսանողները։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին