Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնության ոսկե ու արծաթե մեդալակիրներին այսօր ընդունեց Ռուբեն Հայրապետյանը

Դիտումների քանակ՝ 1270

Հուլիսի 24-29-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնությունում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը նվաճել են 1-ական ոսկե ու արծաթե մեդալ: Այսօր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի՝ ՀՈՒՍՖ –ի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի ուղեկցությամբ հաղթանակած ուսանող-մարզիկներին ընդունեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Ողջունելով և շնորհավորելով մարզիկներին այդչափ կարևոր հաղթանակի առթիվ՝ համալսարանի ղեկավարն ընդգծեց մարզական միջոցառումներին ՀՊՏՀ ուսանողների մասնակցության կարևորությունը: «Մեզ համար ձեր հաջողություններն անչափ կարևոր են. ձեր հաղթանակներով դուք ոչ միայն բարձր եք պահում մեր համալսարանի հեղինակությունը, այլև ցույց եք տալիս, թե որքան մրցունակ եք համաշխարհային ասպարեզում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և հույս հայտնում, որ դուք ոչ միայն կպահպանեք ձեր ձեռքբերումները, այլև հետագայում ավելի մեծ նվաճումներ կունենաք»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ համալսարանի ղեկավարությունը պատրաստ է մշտապես աջակցել և խրախուսել ուսանողներին:

Շախմատի եվրոպական համալսարանական առաջնությունում ՀՊՏՀ-ն ներկայացրած գրոսմայստեր, 22-ամյա Տիգրան Հարությունյանը և 25-ամյա միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը սովորում են ՀՊՏՀ «Հանրային ֆինանսներ», մասնագիտության մագիստրատուրայում: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը առաջնությունում անհատական մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանի հետ թիմային առաջնությունում նվաճել են 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ դառնալով փոխչեմպիոն: Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարին աջակցության համար՝ նշեց, որ ՀՊՏՀ ընտրանու անդամերը հիմնականում իրենց լավագույն կողմերով դրսևորեցին, ու ինքը գոհ է նրանց ելույթից և ցուցադրած արդյունքներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին