Կայացավ գիտական խորհրդի նիստը՝ հագեցած օրակարգով

02.03.2021
Դիտումների քանակ՝ 1589

Այսօր կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանի նախագահությամբ։

Հիմնական որոշումները համառոտ ներկայացնենք ստորև։

Ուժը կորցրած ճանաչվեցին առցանց կրթության կազմակերպման համար նախկինում ընդունված որոշումները (հաստատվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի՝ 2020 թվականի ապրիլի 6-ի N 8-3, 2020 թվականի ապրիլի 30-ի N 9-1, 2020 թվականի հունիսի 15-ի N 11-1, N 11-2, 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1-1, 2020 թվականի նոյեմբերի 19-ի N 3-1, 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 4-1 որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը)։

Փակ, գաղտնի քվեարկությամբ գիտխորհրդի անդամները ֆինանսների ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրեցին տ․գ․թ․, դոցենտ Լևոն Բարխուդարյանին, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի պաշտոնում՝ տ․գ․թ․, դոցենտ Աշոտ Մարդոյանին, իսկ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ տ․գ․թ․, դոցենտ, նույն ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Կեսոյանին, նաև դոցենտի գիտական կոչում շնորհեցին բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Գայանե Հարությունյանին, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Աղասի Թավադյանին, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Վանինե Երանոսյանին։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհավորեց գործընկերներին և հույս հայտնեց, որ նրանց գործունեությունը կլինի ի նպաստ բուհի առաջընթացի։

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2020թ․ գործունեության հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն և գնահատվեց բավարար, միաժամանակ հաստատվեց կենտրոնի 2021թ․ գործունեության ծրագիրը։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը կենտրոնի 2021թ․գործունեության ծրագիրը ներկայացնելիս շեշտադրեց՝ նախատեսվում է իրականացնել տնտեսության ոլորտի բոլոր ուղղությունների շուրջ հետազոտություններ, կազմակերպել կլոր սեղաններ և քննարկումներ, կենտրոնի ճանաչելիության բարձրացմանն ուղղված քայլեր իրագործել։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի՝ 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 1 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի պետական տնտե­սագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետա­զոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտ­ների և ուսանողների ներգրավման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի վերաբերյալ պրոռեկտորը մանրամասնեց, որ առաջարկվող փոփոխություններով համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերում կարող են ներառվել դրսի աշխատակիցներ, նաև՝ բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ, հետազոտող ուսանողների ու ասպիրանտների աշխատավարձը կբարձրանա 10 հազար դրամով։

Հ․Գ․Գիտխորհրդի նիստում քննարկված հարցերն ու փաստաթղթերը հաստատումից հետո ամբողջությամբ կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին