«Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է 2020թ․ աշխատանքները և հրապարակել է տարեկան հաշվետվությունը

04.03.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1380

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2020 թ․ հաշվետվությունը, որն ամփոփում է կենտրոնի գործունեության բազմակողմ ուղղությունների շրջանակում նախորդ տարվա աշխատանքները, կենտրոնի արձանագրած ձեռքբերումները, համագործակցությունը, միջազգային և տեղական նախագծերում ներգրավվածությունը, փորձագիտական գործունեությունը, հետազոտությունները, հրապարակումները և այլն։

Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն, տ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը, 2020 թ. ծանր տարի էր ամբողջ աշխարհի, հատկապես Հայաստանի Հանրապետության համար՝ պայմանավորված պատերազմով և կորոնավիրուսի համավարակով: «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները եղել են «Ամբերդ» տեղեկագրի հոդվածների առանցքում: 2020 թ. Կենտրոնի կողմից իրականացված տասնչորս հետազոտական թեմաներից տասը իրականացվել է պետական կառավարման մարմիների առաջարկով: Երեք հետազոտություն իրականացվել է բացառապես ՀՊՏՀ ուսանողներից և ասպիրանտներից բաղկացած հետազոտական խմբերի միջոցով: 2020 թ. Փենսիլվանիայի համալսարանի ուղեղային կենտրոնների վարկանիշային զեկույցի (Global Go To Think Tank Index 2020 of the Think Tanks and Civil Societies Program of the University of Pennsylvania) համաձայն՝ «Ամբերդը» «Աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 50-րդ հորիզոնականը»,- մասնավորապես իր խոսքում նշում է կենտրոնի տնօրենը:

Տարեկան հաշվետվությունը՝ հայերենով և անգլերենով կարող եք տեսնել ակտիվ հղումներով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին